Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հարությունյանը «Դատապարտյալների փոխանցման մասին»1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կկրի Հայաստանում։
«Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Այդ ընթացակարգից հետո, ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը որոշում է պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը։
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման։–0–