Իրավիճակը շարունակում է մնալ լարված. Թորոսյանը ներկայացրել է COVID-19-ի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը:
«Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է»,- նշել է Թորոսյանը
«Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք և ընդհանուր մահերի թիվը դառնում է 245: Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանյությունից, գումարային ունեցել ենք մոտ 500 ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար»,- նշել է Թորոսյանը:
Հաջորդ կարևոր ցուցանիշը, Թորոսյանի խոսքով, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որոնցից միայն 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, բայց պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ:
«Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով: Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, այդպիսով այս կառավարելի վիճակը պահենք ինչքան հնարավոր է երկար և գնանք դեպի անկման»,- նշել է նախարարը:-0-