Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Ջավախահայերի լեզուն պետք է երկրորդ վարչական լեզուն դառնա. ՀՅԴ

26.07.2013, 16:47
Վրացական Ջավախքում հայոց լեզուն պետք է ճանաչվի որպես երկրորդ վարչական լեզու, կարծում է ՀՅԴ Հայ Դատի եվրոպական հանձնաժողովի նախագահ Գասպար Կարապետյանը։
Ջավախահայերի լեզուն պետք է երկրորդ վարչական լեզուն դառնա. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վրացական Ջավախքում հայոց լեզուն պետք է ճանաչվի որպես երկրորդ վարչական լեզու, կարծում է ՀՅԴ Հայ Դատի եվրոպական հանձնաժողովի նախագահ Գասպար Կարապետյանը։

«Ջավախահայերի մեծամասնությունը չի տիրապետում վրացերենին, և վրացական իշխանություններին ուղղված մեր հիմնական պահանջն այն է, որպեսզի Ջավախքում հայոց լեզուն երկրորդ վարչական լեզուն դառնա»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը։

Կարապետյանը վստահություն հայտնեց, որ տվյալ պահանջը Վրաստանի լիիրավ քաղաքացիներ հանդիսացող ջավախահայերի օրինական իրավունքն է։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Հայ Դատի եվրոպական հանձնաժողովը վրացական իշխանությունների հետ տվյալ հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում` ինչպես Վրաստանում, այնպես էլ Բրյուսելում։

«Նրանց նախագահական ընտրությունների ավարտից հետո մենք կշարունակենք բանակցությունները և հուսով ենք, որ ջավախահայերը կկարողանան երկրորդ վարչական լեզուն ունենալ, քանի որ այդ հարցը շատ կարևոր է նրանց համար»,– ամփոփեց նա։

Ջավախքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (որոշ տվյալներով՝ 91-ից 97%) հայեր են։

Վրաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.–ի հոկտեմբերին։ –0–