Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային միջոցառումներից մեկի շահառուների շրջանակը

30.04.2020, 17:41
Կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային միջոցառումներից մեկի շահառուների շրջանակը
Կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային միջոցառումներից մեկի շահառուների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել ընդլայնելու հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը կորոնավիրուսի պայմաններում:

8-դր միջոցառումը նախատեսվում է այն անձանց համար, ովքեր անհատ ձեռնարկատիրություններում պաշտոնապես գրանցված աշխատողներ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հյուրանոցներ և հյուրատնային հաստատություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջություն, վարսավիրանոցներ և գեղեցկության սրահներ, ինչպես նաև մանրածախ առևտրի ծառայություններ:

«Այս որոշման փոփոխությամբ մենք ընդլայնել ենք ոչ միայն ոլորտները, այլև ներգրավվել ենք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին: Այսինքն այս անձինք, ովքեր ճանաչվել են տուժող, կարող են դիմել ծրագրից օգտվելու համար»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանը թվարկել է այն նոր ոլորտները, որոնց աշխատողներն այսուհետ հանդիսանալու են 8-րդ միջոցառման շահառու. հագուստի արտադրություն, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն) :

«Սրանք ոլորտներն են, որոնցով մենք ավելացնում են շրջանակը. Բյուջեն կկազմի ավելի քան 2 մլրդ. դրամ միայն այս 26 հազ. անձանց դեպքում»,- նշել է Բաթոյանը և հավելել է, որ նոր ցանկում ընդգրկված անձինք կարող են դիմումը ներկայացնել երկուշաբթի՝ մայիսի 4-ին:

Տնտեսական դասակարգիչների մասով հարցին անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Այն տնտեսվարողները, ովքեր նախկինում իրենց ՊԵԿ ներկայացված հաշվարկներում գործունեության տեսակի դասակարգիչը սխալ էին նշել, կարող են մինչև մայիսի 5-ը ճշտված հաշվարկներ ներկայացնելու միջոցով ճշտել իրենց գործունեության տեսակը և դրանով ևս դառնալ այս միջոցառման շահառու»,- նշել է Անանյանը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Մահացել է, ցավոք, 32 մարդ: -0-