Կարծում եմ, որ արդեն իսկ պետք են լուծումներ․ Երևանի քաղաքապետը՝ քաղաքի մասշտաբային ջրանջատումների մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Վեոլիա ջուր» ընկերությունը, Ջրային կոմիտեի մեր գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ, բայց, կարծում եմ, որ մեզ արդեն իսկ պետք են լուծումներ:
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ կապված Երևանի ջրամատակարարման հետ, հաղորդում է «Առաջին լրատվականը»։
Քաղաքապետն ասել է, որ համաձայն է երևանցիների դժգոհությունների և մտահոգությունների հետ, ապա նկատել է, որ ջրամատակարարման հետ կապված խնդիրները սրվում են հատկապես ամռան ամիսներին:
«Գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է հարցով, փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է հարցով, և ես հուսով եմ, որ այդ լուծումները օր առաջ կհասունանան և կիրականացվեն, որովհետև իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում»,- ասել է նա: