Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշատակի արարողություն է կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

24.04.2015, 15:50
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ուրբաթ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում հիշատակի արարողություն է կատարել զոհերի հոգիների հանգստության համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշատակի արարողություն է կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ուրբաթ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում հիշատակի արարողություն է կատարել զոհերի հոգիների հանգստության համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։

Երևանում անցկացվում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված  ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները։ Դրանց մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից։

Արարողությունից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը, Տոմիսլավ Նիկոլիչը և Նիկաս Անաստասիադիսը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ։ Այդքանով Ծիծեռնակաբերդում միջոցառումների պաշտոնական մասն ավարտվեց։ Այն բանից հետո, երբ պատվիրակությունները կլքեն Հուշահամալիրը, բոլոր ցանկացողների համար մուտքը դեպի համալիր բաց կլինի։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է վիշտը 1,5 միլիոն զոհերի համար։ Կոմպոզիցիայի կենտրոնը Հիշատակի դահլիճն է, որը հրապարակ է` հավերժական կրակով, որի վրա խոնարհվել են սգացող ֆիգուրներ խորհրդանշող բազալտե սյուները։ Կողքին տեղադրված 44 մետր բարձրությամբ գրանիտե կոթողը հայ ժողովրդի հոգևոր վերածնման և վերապրելու խորհրդանիշն է։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–