Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները

03.07.2014, 14:26
Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի տարածքում հայ միգրանտների գտնվելու և աշխատելու կարգի դյուրացմանը: Դրանք են՝ ՌԴ-ի տարածքում ՀՀ քաղաքացիների  և Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում նախատեսված փոփոխությունները: 

«Առաջին համաձայնագրով նախատեսվում է, որ երկրի տարածք մուտք գործելուց հետո քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Այսօր ՌԴ մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները պարտավոր են 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, և եթե ժամկետները խախտվում են, ապա բացասական հետևանքներ են լինում՝ ընդհուպ մինչև երեք տարով մուտքի արգելք», - ասաց Եգանյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ համաձայնագիրն ավելի կարևոր հարցեր է լուծում, մասնավորապես՝ երկրի քաղաքացիները կարող են աշխատել Հայաստանի և Ռուսաստանի տարածքում առանց լրացուցիչ թույլտվության:

Եգանյանը նշեց, որ այսօր Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի քաղաքացիները դիմում են համապատասխան մարմիններ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, վճարելով որոշակի տուրքեր և որոշ ժամանակ անց ստանում պատասխան՝ դրական կամ բացասական:

«Համաձայնագրով նախատեսվում է բացառել այդ կարգը Հայաստանի քաղաքացիների համար: Աշխատաշուկան և պայմանները նույնն են դառնում ինչպես Հայաստանում ՌԴ քաղաքացիների համար, այնպես էլ հակառակը», - ասաց Եգանյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում համարվում է, որ անձը Ռուսաստանի տարածքում գտնվում է օրինական, և ոչ միայն նա, այլև` նրա ընտանիքի անդամները:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միգրացիոն հոսքերը հեռանկարային նշանակություն ունեն մեր երկրի համար, այս բարենպաստ պայմանները կդյուրացնեն մեր շատ քաղաքացիների այցելությունները», - ասաց Եգանյանը:

Նա նշեց, որ հայկական կողմն ավարտել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման առաջին փուլը, սակայն Ռուսաստանում այն դեռ համաձայնեցման փուլում է:

Եգանյանի խոսքով՝ տեքստերը համաձայնեցված են, և պետական մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ՝ փաստաթղթերի շուտափույթ ստորագրման համար:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Միաժամանակ նախատեսվում է բոլոր փաստաթղթերը հաստատել ՄՄ Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, 2014 թ.-ի մայիսի վերջի տվյալներով Ռուսաստանում է գտնվում Հայաստանի 502 994 քաղաքացի: 2013թ.-ին ՌԴ-ում էր գտնվում Հայաստանի 677 հազար քաղաքացի: Առավել շատ ՀՀ քաղաքացիներ են բնակվում Մոսկվայում, Վլադիկավկազում և Կրասնոդարի երկրամասում:

2011թ.-ին աշխատանքային միգրանտները Հայաստան են փոխանցել 1,2 մլրդ դոլար, 2012թ.-ին՝ 1,4 մլրդ դոլար, 2013թ.-ին՝ 1,8 մլրդ դոլար:-0-