Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը կպարզեցվեն

08.11.2025, 10:08
Փոփոխություններ են նախատեսված ինչպես աշխատանքային ստաժի, այնպես էլ պահանջվող փաստաթղթերի հետ կապված
Կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը կպարզեցվեն

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության  և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշել է, որ ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը դյուրացվում են։ Փոփոխություններ են նախատեսված ինչպես աշխատանքային ստաժի, այնպես էլ պահանջվող փաստաթղթերի հետ կապված։

«1992-2004 թվականների ժամանակահատվածը քաղաքացիների կենսաթոշակի հաշվարկման համար խոցելի տարիներ են։ Շատերի պարագայում այդ տարիների աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերն ամբողջական պահպանված չեն։ Այդ իսկ պատճառով շատ քաղաքացիներ կենսաթոշակի համար դիմելիս խնդրի առաջ էին կանգնում։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բացակայությամբ պայմանավորված աշխատանքային որոշ տարիներ չէին հաշվարկվում»,-ասել է նա՝ նախօրեին «Արմենպրես»-ի մամուլի սրահում անցկացված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում գործընթացը պարզեցնելու ուղղությամբ։ Նախկինում աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, աշխատանքային գրքույկից բացի, անհրաժեշտ էր ներկայացնել սոցիալական վճարների վճարումը կամ աշխատավարձի ստացումը հաստատող փաստաթուղթ, հետևաբար, միայն աշխատանքային գրքույկը բավարար չէր աշխատանքային ստաժը հաշվի առնելու համար։

 «Ի՞նչ ենք առաջարկում հիմա։ Մենք առանձնացրել ենք կազմակերպությունների ցանկ, որտեղ 1992-2004 թվականներին աշխատած անձանց ստաժը կհաշվարկվի, եթե աշխատանքային գրքույկը պահպանված լինի։ Այսինքն՝ արդեն միայն աշխատանքային գրքույկը բավարար կլինի ստաժի հաշվարկման համար»,-ասել է Անահիտ Գալստյանը՝ հավելելով, որ այդ ցանկում ընդգրկված կազմակերպություններն են՝ պետական կառույցները, բանկերը, ֆինանսական այլ կազմակերպությունները, դպրոցները, բուհերը, բուժհաստատությունները, մշակութային կառույցները՝ թատրոնները, կինոթատրոնները և այլն։

«Ցանկը հրապարակված կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում»,-ասել է նա։

Նա նշել է, որ  աշխատանքային ստաժի հաշվարկման այս նոր մոտեցումը կիրառվելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։ Մինչև 2013 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկում կատարված գրառումների հիման վրա։ 

«Այս ամենի պարագայում զգալի կրճատվելու է արխիվին ուղղվող հարցումների քանակը։ Դա հեշտացնում է վարչարարությունը, կրճատում է ժամանակը։ Եթե արխիվային հարցումները չկան, ապա նշանակում է, որ քաղաքացիները ստիպված չեն լինի երկար սպասել»,-ընդգծել է Գալստյանը։

Նա նշել է, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ստանում են կենսաթոշակ, բայց որոնց աշխատանքային ստաժը չի հաշվարկվել թերի փաստաթղթերի պատճառով, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ՝ վերահաշվարկի համար։

«Մենք նաև որոշել ենք քաղաքացիներին ազատել բյուրոկրատական ​​քաշքշուկներից այն դեպքերում, երբ, օրինակ, աշխատանքային գրքույկը պատշաճ լրացված չէ, ուղղագրական սխալ կա կամ դրոշմանիշը ընթեռնելի չէ», - պարզաբանել է Գալստյանը։