Կենսաթոշակների և նպաստների հետվճարի նոր ծրագիրը. Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը։
Նա հայտնել է, որ հետվճարի չափը փոխվել է, և հունվարի 1–ից այն կազմում է 20% մինչև 10․000 դրամ։ Հետվճար ստանալու համար պետք է անկանխիկ առևտուր իրականացնել ՀՀ-ում գործող առևտրի կետերից։
Նախարարն անդրադարձել է նաև 2% հետվճարին և հայտնել, որ այն կարելի է ստանալ միայն Arca քարտով անկանխիկ առևտուր անելու դեպքում։
«Եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca քարտերով, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20, այլ 22% հետվճար»,-ասել է նա։
Թորոսյանը հայտնել է, որ 2%-ի մասով սահմանափակումներն արդեն ավելի մեծ են և ամսական կարող են տատանվել մինչև 60․000 դրամի շրջանակում։
Նա կոչ է արել մոտավորապես 48․000 այն կենսաթոշակառուներին և նպաստառուներին, որոնք դեռևս ստանում են իրենց կենսաթոշակն ու նպաստը կանխիկ եղանակով, արագ անցում կատարել անկանխիկի, և անցում կատարել Arca քարտերի՝ 2% հետվճարից նույնպես օգտվելու համար։
Նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն ունի վերջնաժամկետ մինչև ապրիլի 1-ը՝ ամեն ինչ անկանխիկի անցնելու։