Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Կենսաթոշակների կուտակային համակարգի անցման խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ են անցկացվել ԼՂՀ Ազգային ժողովում

13.07.2013, 10:11
ԼՂՀ Ազգային ժողովում նախօրեին խորհրդարանական լսումներ են անցկացվել՝ նվիրված  հանրապետությունում կենսաթոշակների կուտակային համակարգի անցման խնդիրներին։
Կենսաթոշակների կուտակային համակարգի անցման խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ են անցկացվել ԼՂՀ Ազգային ժողովում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ Ազգային ժողովում նախօրեին խորհրդարանական լսումներ են անցկացվել՝ նվիրված  հանրապետությունում կենսաթոշակների կուտակային համակարգի անցման խնդիրներին։

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Հակոբ Հակոբյանը և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

Ներկա են եղել խորհրդարանի տարբեր մշտական հանձնաժողովների, խումբ-խմբակցությունների անդամ պատգամավորներ, ինչպես նաև, որպես հրավիրյալներ, ԼՂՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի, ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական ապահովության, արդարադատության նախարարությունների, հարկային պետական ծառայության, արհմիությունների ֆեդերացիայի պատասխանատուներ։

Լսումները վարել են միջոցառումը նախաձեռնած գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Արամ Գրիգորյանը։

Ազգային ժողովի անունից ողջունելով  Երևանից ժամանած գործընկերներին,  միջոցառման մյուս մասնակիցներին` խորհրդարանի փոխնախագահ Արթուր Թովմասյան համոզմունք է հայտնել, որ այդ թեմատիկ հավաքը  խիստ կարևոր հանրային նշանակություն ունի և կոչված է լրացուցիչ հստակեցնելու ԼՂՀ սոցիալական քաղաքականության առաջնային ոլորտում՝ կենսաթոշակային համակարգում, հետևողականորեն իրականացվող բարեփոխումները, 2014թ. հունվարից հանրապետությունում կուտակային համակարգին անցնելու գործընթացը։  

ԱԺ փոխնախագահի հաղորդմամբ՝  կուտակային կենսաթոշակների անցման գաղափարն ավելի քան երկու տարվա քննարկումների առարկա է ԼՂՀ  խորհրդարանում։ Այն քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով՝ խորհրդարանական լսումների, հարցի առնչությամբ գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերի տեսքով, իսկ վերջերս՝ հունիսի 27-ի լիագումար նիստում, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կուտակային համակարգի անցմանը վերաբերող մի ամբողջ օրենսդրական փաթեթ՝ բաղկացած 27 օրինագծից, այդ թվում՝ երեք մայր և 24 ուղեկից օրենքներից։

«Համոզված եմ, որ այս հերթական քննարկումները բավական  օգտակար կլինեն ինչպես մեզ՝ պատգամավորներիս, նույնպես և Արցախի ողջ հասարակության համար»,– եզրափակել է ԱԺ փոխնախագահը։
Միջոցառման մասնակիցների առջև ամփոփ բանախոսություններով հանդես են եկել Հակոբ Հակոբյանը և Վարդան Արամյանը՝ ներկայացնելով կուտակային համակարգի անցման պայմանները, հնարավորությունները և հեռանկարները, միևնույն ժամանակ չբացառելով խնդրո առարկա ոլորտի ներկայումս ձևավորվող օրենսդրական դաշտի հետագա փոփոխման և առավել հստակեցման հավանականությունը։

Այնուհետև նրանք պատասխանել են լսումների մասնակիցների  ամենատարբեր հարցերի՝ համապատասխան հիմնավորումներով պարզաբանելով նրանց մտահոգող խնդիրները։ -0-