Հայ ոսկեգործների հիմնադրամն առաջին անգամ հատուկ կրթաթոշակ կտրամադրի ոլորտի հինգ մասնագետների
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ ոսկեգործների հիմնադրամն (AJF) առաջին անգամ հատուկ կրթաթոշակ կտրամադրի հինգ մասնագետների` «Ադամանդի դասակարգում» մասնագիտությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին AJF մամուլի ծառայությունից։
«AJF -ը Հայաստանի Հեմոլոգիական լաբորատորիայի և ակադեմիայի (AGLA)-ի հետ` «Ադամանդի դասակարգում» ծրագրով աջակցություն կցուցաբերի հինգ ուսանողների: Կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել հետևյալ տարածաշրջանային խմբերում ընդգրկված թեկնածուները` Երևան, ՀՀ մարզեր,
Արցախ, հայրենադարձ սիրիահայեր, սփյուռքահայ համայնք»,– ասվում է հաղորդագրության մեջ։
«Անցյալում արած մեր հետազոտություններին զուգահեռ, մենք նոր եղանակներ ենք փնտրում երիտասարդ սերնդից հայկական ոսկերչական դիզայնի, հեմոլոգիայի և ոսկերչական արհեստի ոլորտում մասնագետների պատրաստմանը և նրանց միջազգային ճանաչմանը նպաստելու ուղղությամբ»,– ասաց AJF հոգաբարձուների խորհրդում կրթաթոշակների գծով պատասխանատու Արամ Շիշմանյանը:
Հայ ոսկեգործների հիմնադրամը (AJF) ստեղծվել է զարգացնելու հայկական ոսկերչական ժառանգությունը:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն նամակ և ռեզյումե՝ zang-kazm@mail.ru հասցեով: Տեղերը սահմանափակ են, և միայն որակավորում ունեցող դիմորդները կընտրվեն մասնակցության համար: Հեռախոսահամար` (37410) 50-14-33։
Եռամսյա արագացված դասընթացը մեկնարկելու է ս.թ. սեպտեմբերի 15-ից: Հիմնադրամը հետագայում էլ պատրաստվում է նմանատիպ ծրագրեր կազմակերպել։ -0-