Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Հայաստանի ապագա հաղթանակների գրավականն են. Սարգսյան

29.07.2014, 18:50
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկված բուհեր ընդունված 57 ուսանողների հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Հայաստանի ապագա հաղթանակների գրավականն են. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկված բուհեր ընդունված 57 ուսանողների հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:

«Սա մեծ հաջողություն է: Ակնհայտորեն, հաջողություն է, որովհետև աշխարհում, երևի, հարյուր միլիոնավոր հասակակիցներ ունեք, և այդ հարյուր միլիոններից ընդամենը մի քանի հազարին է հաջողվում դառնալ աշխարհի լավագույն տասը բուհերի ուսանողներ: Համոզված եղեք, որ ձեր հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է»,- ասաց նախագահը հավաստագրերի հանձնման ավանդական արարողության ժամանակ։

«Լույս» հիմնադրամի 54 կրթաթոշակառուներին, ովքեր այս տարի շարունակում են իրենց կրթությունը, միացել են 57 ուսանողներ` 29-ը Հայաստանից, 23-ը ԱՄՆ-ից, 4-ը Լիբանանից և 1-ը Ռուսաստանից։ Նախագահի խոսքերով` այս ուսանողները Հայաստանի ապագան են, որոնց հետ շփումը շատ հաճելի է, պատասխանատու և անհրաժեշտ։

Այս համատեքստում նա նշեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նմանօրինակ այլ շատ հաճելի պահեր են եղել, հայ աշակերտները հաղթանակներ են ունեցել: Համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներում հայ երեխաները 15 մեդալ են շահել, այնինչ հարևան Վրաստանի և Ադրբեջանի երեխաները միասին շահել են 11 մեդալ: «Հայաստանի երեխաների ցուցանիշները շատ քիչ են զիջում տարածաշրջանի մյուս հարևաններին. բազմամիլիոնանոց Իրանից և Թուրքիայից երեխաները շահել են 18-ական մեդալ, իսկ ավելի քան 3 միլիոն բնակչությամբ Հայաստանից երեխաները շահել են 15 մրցանակ, ինչը մեծ հաջողություն է»,- նշել է նախագահը:

«Այդ հաջողությունները պետք է ոգևորեն մեր երեխաներին, հնարավորություն տան նրանց վստահ նայելու դեպի առաջ, ձեռք բերելու գիտելիքներ նաև այն համոզմամբ, որ այդ գիտելիքներից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունը, օգտվելու է հայ ժողովուրդը»,- նշել է երկրի ղեկավարը։  

««Լույս» հիմնադրամի նպատակը մեկն է՝ ձևավորել փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդ մարդկանց մի խումբ կամ, ինչպես ասում են, կրիտիկական մի զանգված, որը կարողանա Հայաստանն առաջ մղել, որը կարողանա դիմակայել, ինչպես այստեղ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն ասաց, մարտահրավերներին, իսկ մարտահրավերները մեր տարածաշրջանում, ցավոք, շատ են»,- ասաց նա։   

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն իր հերթին ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ամենաբարդ մարտահրավերներից մեկն այսօր գաղափարից գործի անցնելն է, իսկ ամենաբարդ հարցը` թիմային աշխատանքը։

«Կրթությունը գործիք է, որը մեզ բոլորիս թույլ է տալիս հաղթահարել մեր ճանապարհին հայտնվող այս կամ այն մարտահրավերը, իսկ դժվարությունները` լավագույն հնարավորությունն են նոր մոտեցումներ մշակելու համար, նոր աշխատանք իրականացնելու համար»,- ասաց նա։

Հանդիպման ընթացքում կրթաթոշակառուները Հանրապետության նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Եղեգնաձորում, Շուշիում, Գարգարում և Ծափաթաղում։ Նախագահը «Լույս» հիմնադրամի բոլոր շահառուների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում ոչ պետական այս հիմնադրամում:

«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: «Լույսի» նպատակն է ուսանողների ուսուցման ֆինանսավորումը օտարերկրյա առաջատար բուհերում: -0-