Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման մրցույթների անցկացման ընթացակարգը Հայաստանում պետք է վերանայվի. փորձագետ

20.08.2014, 17:40
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առաջարկում է կառավարությանը վերանայել Հայաստանի մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման մրցույթների անցկացման ընթացակարգը, ասաց ՀԿ–ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
Մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման մրցույթների անցկացման ընթացակարգը Հայաստանում պետք է վերանայվի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առաջարկում է կառավարությանը վերանայել Հայաստանի մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման մրցույթների անցկացման ընթացակարգը, ասաց ՀԿ–ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

«Մանկապարտեզներին անորակ հավի մսի մատակարարման վերջին ահազանգը վկայում է, որ պատկան մարմինները վատ են վերահսկում ոլորտը, և սննդամթերքի մատակարարման ամբողջ գործընթացը և դրա որակի վերահսկողությունն արմատական բարեփոխումների կարիք ունի»,– չորեքշաբթի հայտնեց Պիպոյանը։

Հայաստանի ոստիկանությունն օգոստոսի 11–ին հայտնել էր, որ օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանում հավի մսի մշակում և փաթեթավորում է իրականացնում։ Քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիկատների միջոցով մշակել է անհայտ ծագման և օգտագործման համար ոչ պիտանի հավի միս։ Պարզվել է, որ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորք վարչական շրջանի որոշ մանկապարտեզներ։

Պիպոյանի խոսքով` քաղաքապետարանը պետք է հրապարակի մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման մրցույթների հաղթող կազմակերպությունների անվանումները, ինչպես նաև իրազեկի հասարակությանը ձեռք բերվող սննդամթերքի գործող գների մասին։

«Կարծում  ենք, որ մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարման տենդերի մասնակցության պարտադիր գործոնը պետք է լինի հավակնորդ ընկերություններում սննդամթերքի պահման անհրաժեշտ պայմանների և դրանց տեղափոխման միջոցների առկայությունը»,– ասաց Պիպոյանը։

Նա նշեց, որ ապագայում նմանատիպ երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար հասարակությանը ներկայացնել մատակարար ընկերություններում ստուգումների արդյունքների, մանկապարտեզներում մթերքի որակի ստուգումների, չարաշահումների կանխման միջոցառումների անցկացման մասին տեղեկություններ։ -0-