Menu.am–ը կարող է դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում կառավարության նիստում ընդունված որոշման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Menu.am սննդի առաքմամբ զբաղվող հայտնի ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ընկերությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում։
Ինչպես նշել է նա Facebook–յան իր էջում, դա կապված է ուրբաթ կառավարության նիստում ընդունված որոշման հետ։
Կառավարությունը հունիսի 15–ին մերժեց ԱԺ–ի ներկայացրած օրինագիծը հանրային սննդով զբաղվող կազմակերպությունների համար հարկային ռեժիմում փոփոխություններ կատարելու մասին։ Այդպիսով, կառավարությունն ուժի մեջ թողեց նախորդ որոշումն այն մասին, որ 2019 թ.–ի հունվարի 1–ից սննդի առաքման համար ներդրվելու է լրացուցիչ հարկ` 16,67%–ի չափով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ուժի մեջ թողնել լրացուցիչ հարկի ներդրման մասին կետն ու չընդունել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները` կոչ անելով հետագայում վերադառնալ այս հարցի քննարկմանն ու ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին։
Այս որոշման կապակացությամբ Քերոբյանը պարզաբանեց, որ Menu.am–ում աշխատում է մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ:
«Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200հազ ակտիվ հաճախորդ Հայաստանում: Այսօր Կառավարությունն իր 23րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի Լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին "դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը": Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերել: Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար», – նշել է Քերոբյանն իր գրառման մեջ։
Ձեռներեցը նաև հայտնել է, որ իրենց իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և «եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում»։
«Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը», – նշել է Քերոբյանը։ –0–