Պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՍԱՏՄ-ն Վայոց Ձորում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցրել։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես՝
-պանիրների հասունացման սրահում առկա են եղել կեղտի կուտակումներ,
-կաթի ընդունման սրահում, արտադրական տարածքում, փաթեթավորման սենյակում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ,
-առաստաղների, պատերի և հատակների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
-դռների մակերևույթները ենթարկված են եղել կոռոզիայի,
-սեղանների աշխատանքային մակերեսները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
-սարքավորումների և տարաների որոշակի հատվածներ հնարավորություն չեն տվել իրականացնել լվացման, մաքրման և ախտահանման գործընթացներ,
-լվացարանները ապահովված չեն եղել տաք և սառը ջրով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: