Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել տեղաշարժի սահմանափակումներում

28.04.2020, 13:16
Պարետի նոր որոշմամբ՝  փոփոխություններ են կատարվել տեղաշարժի սահմանափակումներում
Պարետի նոր որոշմամբ՝  փոփոխություններ են կատարվել տեղաշարժի սահմանափակումներում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել, որով հանվում են տեղաշարժի որոշակի սահմանափակումները: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1.  Հավելված N 1-ի 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝

1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը.

2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: 

5.1. 5-րդ կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված՝ տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշվում է որոշման մեջ: 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Հայաստանում ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Մահացել է, ցավոք, 30 մարդ: -0-