Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյան. ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է գերեվարված անձանց խնդիրների արագ կարգավորմամբ (ՎԻԴԵՈ)

23.11.2020, 20:55
Փաշինյան. ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է գերեվարված անձանց խնդիրների արագ կարգավորմամբ. ՎԻԴԵՈ
Փաշինյան. ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է գերեվարված անձանց խնդիրների արագ կարգավորմամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ, հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը: 

Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին:

 «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:

Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա և՛ գերեվարված զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց, և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որպեսզի ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա և այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում»,- նշել է Վարչապետը:

Նա մանրամասնել է, որ գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն:

«Պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:

Վարչապետն ընդգծել է, որ առաջնահերթ պետք է մշտական, անընդհատ հաղորդակցություն ապահովել գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, անհետ կորածների ընտանիքների հետ և այդ նպատակով ձևավորել շուրջօրյա գործող կենտրոն: 

«Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է: Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով», - ասել է Ն. Փաշինյանը:-0-