Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել COVID-19-ի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքները:
«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1808 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Մահացել է, ցավոք, 29 մարդ: -0-