«Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի միայն առաջին երեք չվերթն է իրականացնելու էժան գնով
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի միայն առաջին երեք չվերթն է իրականացնելու էժան գնով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Պարզվում է` Գյումրիից Մոսկվա ընդամենը առաջին երեք թռիչքներն են իրականացվելու 7 հազար դրամով: Դրանց ամսաթվերն են`դեկտեմբերի 15-ը, երկրորդը՝ 18-ը, երրորդը՝ դեկտեմբերի 22-ը: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար ապա՝ 21, 25 և 29 հազար դրամներ», - գրում է թերթը:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդան» տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ:
Պարբերականը հայտնում է, որ 7 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ և պլանշետ:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 2014 թվականին ազատվել է, այսպես ասած, «օդի փողից», որ օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար։ -0-