Պուտինը ռուսական քաղաքացիություն է տրամադրել Անատոլի Վասերմանին
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիություն է տրամադրել հայտնի հրապարակախոս Անատոլի Վասերմանին։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է գործարար տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Վասերմանի հետ միասին ռուսական քաղաքացիություն է ստացել նաև խորհրդային ամերիկացի նկարիչ Յուրի Կուպերմանը, ով Արևմուտքում ավելի հայտնի է Յուրի Կուպեր անունով։
«Բավարարել 1952 թվականի դեկտեմբերի 9–ին Ուկրաինայում ծնված Վասերման Անատոլիի և 1940 թվականի հուլիսի 5–ին Մոսկվայում ծնված Կուպերման Յուրիի` ՌԴ քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ դիմումը», ասվում է փաստաթղթում, հաղորդում է НТВ–ն։
Անատոլի Վասերմանը խորհրդային և ուկրաինացի ճարտարագետ է, ինչպես նաև հրապարակախոս ու հեռուստահաղորդավար։ Առավել մեծ ճանաչում է ստացել որպես ինտելեկտուալ հեռուստախաղերի հաղթող։ Վասերմանը հայտնի է նաև իր քաղաքական ակտիվ դիրքով` նա Իոսիֆ Ստալինի երկրպագու է, ինչպես նաև կարծում է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն չէ և պետք է Ռուսաստանի մաս լինի։
Ուկրաինական խնդրի շուրջ արված արտահայտությունների համար կիևյան իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերին նրա նկատմամբ անջատողականության հոդվածով քրեական գործ են հարուցել։ Վերջին 20 տարին Վասերմանն ապրում և աշխատում է Ռուսաստանում։ -0-