Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի քաղաքապետարանը 2015թ.–ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերել 21 անօթևանի

03.03.2015, 17:17
Երևանի քաղաքապետարանը 2015թ.–ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերել 21 անօթևանի
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համատեղ աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան։

Բացի այդ, հայտնաբերված 2 անօթևան տեղափոխվել են հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ և վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում է ոստիկանության և սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։

Ներկայում Վարդաշենում գտնվող հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում գտնվում է 98 անձ, որոնցից 10-ը քրեակատարողական հիմնարկներից ազատվածներ են։-0-