Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռադիոն ավելի ինտելեկտուալ ԶԼՄ է, քան հեռուստատեսությունը. փորձագետ

07.05.2015, 21:33
Ռադիոն ավելի ինտելեկտուալ ԶԼՄ է, քան հեռուստատեսությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց «Տոսպա» ռադիոընկերության տնօրեն Արամ Չախոյանը։
Ռադիոն ավելի ինտելեկտուալ ԶԼՄ է, քան հեռուստատեսությունը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռադիոն ավելի ինտելեկտուալ ԶԼՄ է, քան հեռուստատեսությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց «Տոսպա» ռադիոընկերության տնօրեն Արամ Չախոյանը։

«Ի տարբերություն հեռուստատեսության` այստեղ դու զրկված ես տեսաէֆեկտներից, և հիմնական շեշտադրումը պետք է լինի խոսքի գրագիտության, լավ դրված ձայնի և մտքերի հետաքրքիր կառուցման վրա»,– ասաց Չախոյանը։

Ըստ նրա` այսօր տեղեկատվության տարածման միջոցներն ընդլայնվում են, և թվում է, թե ինտերնետը «խլել է» ռադիոյի և, մասամբ, հեռուստատեսության «հացը», բայց «մեքենայի ղեկին» ռադիոն առաջնահերթ է։

«Իմ կարծիքը սուբյեկտիվ է, բայց ես շարունակում եմ ինձ հետաքրքրող նյութերը ռադիոյից ստանալ։ Ռադիոն ինձ համար ավելի ինտելեկտուալ և հարուստ ԶԼՄ է մնում։ Ռադիոյում և՛ ճաշակը, և՛ պրոֆեսիոնալիզմն ավելի բարձր են, քան հեռուստատեսությունում։ Ինձ համար ռադիոն ավելի հետաքրքիր է»,– ասաց Չախոյանը։

Չախոյանի խոսքով` ռադիոն այսօր ոչ միայն չի կորցնում իր հետաքրքրությունը, այլ նաև կան այդ ոլորտով հետաքրքրվող մարդիկ, պրոֆեսիոնալ լրագրողներ, հաղորդավարներ։

«Այսօր կան ռադիոկայաններ, որոնք գործում են պրոֆեսիոնալ հիմքի վրա։ Կան մարդիկ, ովքեր դրանով ապրում են, ինչպես ես սկսեցի ապրել 1995 թվականից, և այդ սերը մինչ օրս չի մարել։ Ես մենակ չեմ, կան մարդիկ, ովքեր սիրում և ապրում են ռադիոյով, և այդ սերը շարունակական կլինի»,– ընդգծեց Չախոյանը։

Ամեն տարի մայիսի 7–ին Ռուսաստանում նշվում է Ռադիոյի օրը։ Այս տոնի հիմքում ընկած իրադարձությունը կապված է հռչակավոր ռուս ֆիզիկոս և գյուտարար Ալեքսանդր Պոպովի (1859-1905) գործունեության հետ։

1895 թ.–ի մայիսի 7–ին (հին օրացույցով` ապրիլի 25–ին) Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց աշխարհում առաջին կայծային անլար ընդունիչ–փոխանցող ռադիոհամակարգը, որը նախատեսված էր տեղեկատվական ազդանշանների հուսալի փոխանակման համար։ Սա ռադիոկապի սկիզբն էր։

Ռուսաստանում առաջին ոչ կանոնավոր ռադիոհեռարձակող հաղորդումներն իրականացվել են 1919թ.–ից, իսկ 1920թ.–ից Մոսկվայում, Կազանում և ուրիշ քաղաքներում սկսեցին գործել փորձնական ռադիոհեռարձակող կայաններ։

Ռադիոն հիմք դրեց նաև նավիգացիոն համակարգերին, բջջային կապին, հեռուստատեսությանը, տվյալների փոխանցման անլար ցանցերին և համացանցին, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից կյանքը։ –0–