Սահմանվել է անհայտ կորած անձի կարգավիճակը, հստակեցվել են ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները․ նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է անհայտ կորածների հարազատներին տրամադրվող արտոնություններին։
Նախարարը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է, թե ովքեր են համարվում անհայտ կորած, և ինչ արտոնություններ կտրվեն նրանց հարազատներին։
«Նախագծով սահմանվելու է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը, որոնք շատ դեպքերում բխում են նաև գործող օրենսդրությունից։ Մասնավորապես, նախատեսվել է, որ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, մահվան դեպքերում ընտանիքների անդամներին տարվա ընթացքում 1 անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն», - նշել է նախարարը։
Գալյանի խոսքով՝ զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների և ամուսնու համար կսահմանվի անվճար ուսումնառության իրավունք։
«Ընտանիքի անդամներն օգտվում են հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից` իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից և փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով։ Բացի այդ, անհայտ կորած անձի ընտանիքի անդամը սոցիալ–հոգեբանական օգնության իրավունք ունի»,– նշել է նախարարը։
Ըստ նախագծի՝ անհայտ կորած են համարվելու այն զինծառայողները, զինծառայության մեջ չգտնվող անձինք կամ կամավորականները, որոնք անհետացել են ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։
Նախագծով սահմանվում է, որ անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է, երբ նրա գտնվելու կամ հուղարկավորության վայրը, կամ նրա մարմնի մասունքների գտնվելու վայրը պարզելուց հետո 3 օրվա ընթացքում այդ մասին նշվում է համապատասխան նորաստեղծ ռեեստրում։
«Անհայտ կորած անձի՝ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում», - նշել է նախարարը։
Գալյանը հայտնել է, որ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին կնշանակվի ԱԱԾ-ն, որը կիրականացնի անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի ընդհանուր համակարգումը՝ հավաքելով և ստուգելով պետական տարբեր մարմիններից ստացված բոլոր տեղեկություններն ու փաստերը։
Մարմինը պատասխանատու կլինի նաև անձի գտնվելու վայրի կամ նույնականացմանը նպաստող տվյալների մշակման համար և կապահովի մշտական հաղորդակցություն անհայտ կորածների ընտանիքի անդամների հետ։
Նախարարի խոսքով, ԱԱԾ-ն պարտավոր կլինի հարազատներին տրամադրել հավաստի տեղեկատվություն հետախուզման ընթացքի, անհետացման պատճառների ու հանգամանքների, ինչպես նաև իրականացված քննության արդյունքների վերաբերյալ՝ դառնալով տեղեկատվության ստացման հիմնական և կենտրոնացված օղակը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն։