Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Սարգսյանը Եպիսկոպոսաց ժողովի կարևորագույն հարցերից է համարում Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու արարողությունը

24.09.2013, 18:09
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երեքշաբթի ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, կարևորագույն հարցերից է համարել Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու նախաձեռնությունը։
Սարգսյանը Եպիսկոպոսաց ժողովի կարևորագույն հարցերից է համարում Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երեքշաբթի ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, կարևորագույն հարցերից է համարել Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու նախաձեռնությունը։

«Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է», – ասել է նախագահը։

Նա ավելացրել է, որ մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ հայ ժողովրդի ակնկալիքը Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը», – ասել է Սարգսյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-