ՍԴ–ի որոշումը հրապարակման պահից չեղյալ է համարում պարտադիր կուտակային վճարները. հայցվորների փաստաբան
02.04.2014,
15:56
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարկման պահից չեղյալ է համարում պարտադիր կուտակային վճարները, կարծում է հայցվորների փաստաբան Մերի Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարկման պահից չեղյալ է համարում պարտադիր կուտակային վճարները, կարծում է հայցվորների փաստաբան Մերի Խաչատրյանը։
Հայաստանի Սահմանադրական դատարանն ավարտեց մարտի 28–ին սկսված կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարումների սահմանադրականության հարցի քննարկումը` սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք դրույթներ։
«ՍԴ–ի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ։ Գերագույն դատարանի որոշումը պետք է կատարեն իշխանության գործադիր և օրենսդիր մարմինները, և նրանք պարտավոր են մինչև սեպտեմբերի 30–ն այս օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանն ու ՍԴ–ի դիրքորոշումներին», – չորեքշաբթի ՍԴ–ի որոշման հրապարակումից հետո «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Խաչատրյանը ։
Փաստաբանը դրական գնահատեց ՍԴ–ի որոշումը` նշելով, որ դատարանը հաշվի է առել հայցվորների ներկայացրած բոլոր հիմնավորումները, փաստերը, ապացույցներն ու վերլուծությունները, ինչպես նաև ուսումնասիրել է միջազգային փորձը։
Խաչատրյանը նշեց, թե կասկածում է, որ ՍԴ–ի որոշումից հետո կառավարությունն ու խորհրդարանը կրկին կփորձեն ընդունել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Նրա կարծիքով` կառաջարկեն որևէ նոր մոդել։
Չորեքշաբթի հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը
Որոշման մեջ նշվում է, որ դա հնարավորություն կտա Ազգային ժողովին և Հայաստանի կառավարությանը տվյալ և փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնել իր որոշմանը:
«Առաջնորդվելով տվյալ որոշման պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Սահմանադրության 42–րդ հոդվածի չորրորդ մասի դրույթները` մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի»,– նշվում է ՍԴ որոշման մեջ։
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ` մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը, հաղորդում է ՍԴ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը:
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
Gallup International Association–ի հայկական գրասենյակի` Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացրած հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-