Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Սպառողը հաճախ ինքն է մեղավոր սննդամթերքի շուկայում առկա խախտումների համար. Պետական ծառայություն

27.07.2012, 16:17
Հայ սպառողը հաճախ ինքն է մեղավոր սննդամթերքի շուկայում առկա տարբեր խախտումների համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Սպառողը հաճախ ինքն է մեղավոր սննդամթերքի շուկայում առկա խախտումների համար. Պետական ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ սպառողը հաճախ ինքն է մեղավոր սննդամթերքի շուկայում առկա տարբեր խախտումների համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

 «Սպառողը պետք է բոյկոտի և հակահիգիենիկ պայմաններում վաճառվող սննդամթերք չգնի: Օրինակ` մի տեղում վաճառողը լցնովի պաղպաղակ է վաճառում` հետևելով հիգիենայի բոլոր կանոններին, իսկ նրանից 100 մետր հեռավորության վրա կանգնած է այլ վաճառող` չսափրված, ծխախոտը շրթունքների արանքում, և նույն հաջողությամբ պաղպաղակ է վաճառում: Ստացվում է, որ մեր բնակչությունը սիրում է նման պայմաններում վաճառվող սննդամթերք գնել»,- ասաց Պիպոյանը:

Նա նշեց, որ ամռանն ամենառիսկային սննդամթերքները համարվում են երշիկեղենն ու կաթնամթերքը, այդ պատճառով ներկա պահին Պետական ծառայության տեսուչները հետազոտություն են անցկացնում մսի և պաղպաղակի շուկաներում:

Պիպիոյանն ընդգծեց, որ խախտումներ են հայտնաբերվել գրեթե բոլոր կետերում, որտեղ պաղպաղակ է վաճառվում:

Խոսելով մսի շուկայի մասին՝ նա նշեց, որ չնայած անցյալ տարի շուկայում հսկայական աշխատանքներ են իրականացվել, նույնիսկ վարչական տուգանքներ են կիրառվել, ամեն դեպքում իրավիճակը շարունակում է ոչ հուսադրող մնալ:

«Ընդհանրապես սննդամթերքի անվտանգության ապահովումը համալիր լուծում է պահանջում: Ցավոք, միջազգային փորձը, գործիքներն ու մեխանիզմները, որոնք կիրառվում են ողջ աշխարհում, անարդյունավետ են մեզ մոտ»,- ասաց նա:

Ըստ նրա, ամեն օր ստուգումներ անցկացնելն անհնար է, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փորձում է հնարավորին չափ վերահսկել այդ շուկաները:

«Սակայն չեմ կարծում, թե այդ ստուգումները կստիպեն ՀՀ քաղաքացիներին սառնարաններում չպահվող միս չգնել»,- ավելացրեց նա:

Միաժամանակ Պիպոյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա մայիսին ստուգվել է Գյումրիի 69 տնտեսական սուբյեկտներ, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են վերը նշված շուկաներում: Հայտնաբերվել է ժամկետանց մթերքների 41 դեպք, պիտակավորման 283 անհամապասխանություն:

«Շատ վատ է, որ այն ընկերությունները, որոնք նորմալ մակնշմամբ իրենց ապրանքը վաճառում են Երևանում, նույնը չեն անում մարզերում»,- ասաց նա` միաժամանակ չնշելով ընկերությունները: -0-