Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում արտոնագրման նոր կարգի ներդրման արդյունքում տաքսիստները վնաս չեն կրի. նախարար

05.02.2015, 15:11
Հայաստանում արտոնագրման նոր կարգի ներդրման արդյունքում տաքսիստները վնաս չեն կրի, հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպած տաքսիստներին ասաց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Հայաստանում արտոնագրման նոր կարգի ներդրման արդյունքում տաքսիստները վնաս չեն կրի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում արտոնագրման նոր կարգի ներդրման արդյունքում տաքսիստները վնաս չեն կրի, հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպած տաքսիստներին ասաց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

2014 թվականի ավարտին ՀՀ կառավարությունը հաստատեց տաքսի ծառայությունների և մասնավոր տաքսիստների արտոնագրման նոր կարգը։ Արտոնագիր ստանալու և գործունեություն իրականացնելու համար մասնավորների համար նախատեսված է ամսական, եռամսյակային և տարեկան վճար` ըստ ընտրության` 12 հազար դրամից (մեկ ամսվա համար) մինչև 120 հազար դրամ (տարեկան վճար)։

«Հայաստանում գործող տաքսիները վերջին երկու տարում օգտվել են բավականին լավ արտոնություններից` ցածր հարկերի և վճարումների պահանջների տեսքով, սակայն եկել է միասնական հարկային դաշտ մտնելու ժամանակը»,– ասաց Բեգլարյանը։

Ինչպես կարծում է նախարարը, տաքսիների հանդեպ նոր պահանջներն այդքան էլ ծանր չեն և դրա ներդրումից ոչ ոք վնաս չի կրի։

Տաքսիստներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին նախարարին վերջին երկու տարում տրված արտոնությունների համար և ընդգծեցին, որ անգամ այդ 12 հազար նվազագույն գումարը, որն ամսական նախատեսված է արտոնագրի համար, իրենց համար ծանր բեռ է։

Նրանք նշեցին, որ առանց այդ էլ ապահովագրական բարձր գումարներ են վճարում այլ ավտոմեքենաների համեմատ, ստիպված են վճարել վճարովի կայանատեղերի համար, քանի որ կայանելու համար տեղ գրեթե չկա, ինչպես նաև բավականին բարձր են երթևեկության կանոնների խախտման դիմաց վճարվող տուգանքները։

Նրանք նախարարին առաջարկեցին հանդիպում կազմակերպել այդ ոլորտի պատասխանատուների հետ` իրավիճակը կարգավորելու հնարավորությունը քննարկելու համար։

Նախարարն էլ խորհուրդ տվեց առաջարկներ ներկայացնել նախարարություն` ընդգծելով, որ միշտ պատրաստ է ընդունել տաքսիստներին և ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր քննարկել նրանց հետ։

Նոր կարգը տարածվում է բոլոր կազմակերպությունների վրա (անկախ կազմակերպչական–իրավական ձևից), որոնք ուղևորափոխադրումներ են իրականացնում տաքսիների միջոցով, և այսուհետ այն կտարածվի նաև մասնավոր ձեռներեցների և ֆիզիկական անձանց վրա։Փոփոխություններով հաշվի են առնվել տաքսու տարբերանշանների, գնապիտակի պարտադիր առկայության, ինչպես նաև տաքսոմետրերի սերտիֆիկացման նկատմամբ պահանջները, որոնք կամրագրվեն կոնկրետ ավտոմեքենաների նկատմամբ։Հանվել են նաև ավտոմեքենաների և տաքսիստների առողջական վիճակի կանոնավոր ստուգումների պահանջները, որոնք իրականում չէին կատարվում։

Միաժամանակ արտոնագրերի տրամադրման ժամկետները նախատեսվում է հասցնել մինչև յոթ աշխատանքային օրվա` այժմ գործող 30 օրվա փոխարեն։ Հանվել է դեղին պետհամարանիշներ ստանալու պարտադիր պահանջը, ինչը թույլ կտա վարորդներին տնտեսել 17500 դրամ և խուսափել անիմաստ  քաշքշուկից։ -0--