«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն, ևս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
««Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում ևս օժանդակել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ), ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանին ապահովել է որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով»,- նշում են հիմնադրամից:
Նմանատիպ օժանդակություն նախատեսվում է ցուցաբերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«Տաշիր»-ը Ռուսաստանի Դաշնության մասշտաբով գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Ընկերությունների խմբի բիզնես-գործունեության հիմքում ընկած է առևտրային անշարժ գույքի կառուցապատումը և կառավարումը, ընդ որում՝ առաջնային ուղղություն է անշարժ գույքի առևտուրը: «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է կառուցապատման ռուսական շուկայի առաջատարը, առևտրային և բնակելի անշարժ գույքի ոլորտում ժամանակակից բարձր տեխնոլոգիական օբյեկտների ստեղծողը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.5 մլն քմ:-0-