Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Tempus «HEN-GEAR» ծրագրի շրջանակում Երևանում կայացած սեմինարի ընթացքում քննարկվել են բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրները

27.02.2015, 18:59
Բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրներն ուրբաթ քննարկվել են Երևանում կայացած հերթական սեմինարի ժամանակ, որը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողներին և գործարարների միության կողմից Tempus «HEN-GEAR» ծրագրի և Իտալիայի համալսարանների «Ալմա Լաուրեա» կոնսորցիումի (Alma Laurea) շրջանակում։
Tempus «HEN-GEAR» ծրագրի շրջանակում Երևանում կայացած սեմինարի ընթացքում քննարկվել են բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրներն ուրբաթ քննարկվել են Երևանում կայացած հերթական սեմինարի ժամանակ, որը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողներին և գործարարների միության կողմից Tempus «HEN-GEAR» ծրագրի և Իտալիայի համալսարանների «Ալմա Լաուրեա» կոնսորցիումի (Alma Laurea) շրջանակում։

Ծրագրի հիմնական խնդիրն է ընդլայնել համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ–ի և գործընկեր երկրների միջև Լիսաբոնի ռազմավարության և Բոլոնյան գործընթացի իրականացման համատեքստում։ Ուսումնական հաստատությունների մակարդակում համագործակցության ամրապնդումից բացի, Tempus–ը նպաստում է միջանձնային կապերի հաստատմանն ու զարգացմանը։

«Բոլորս գիտենք, թե ինչ խնդիրներ են առաջանում, երբ մեր բուհերի շրջանավարտները փորձում են աշխատանքի տեղավորվել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում հիմնականում գործում է բարեկամական կապերի համակարգը։ Նման խնդիր կա նաև աշխարհի մյուս երկրներում։ Պատահական չէ, որ Իտալիայի համալսարանների «Ալմա Լաուրեա» կոնսորցիումը ստեղծել է վիրտուալ հարթակ, որտեղ կարող են հանդիպել բուհերի շրջանավարտներն ու գործատուները», – նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

Նա ավելացրեց, որ իտալական կոնցեռնի ստեղծած հատուկ կայքում կարող են գրանցվել ինչպես ուսանողները, այնպես էլ գործատուները։ Ուսանողներն ու շրջանավարտները կայքում տեղադրում են իրենց ռեզյումեները, իսկ գործատուները կարող են իրենց համապատասխան աշխատող գտնել։

«Իտալական պորտալին միացված է մոտ 200 բուհ, որոնք գործում են ոչ միայն Իտալիայում, այլ նաև Իսպանիայում, Պորտուգալիայում և մյուս երկրներում, և այս ծրագիրն այսօր բավականին արդյունավետ է», – նշեց Կիրակոսյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանի ութ բուհեր (Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ԵՊՀ–ն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ԵՊՏՀ–ն, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի ակադեմիան և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը) ստեղծել են նմանատիպ համատեղ ինտերնետ պորտալ;

Այսօրվա դրությամբ գրանցված է մոտ 3,5 հազար ուսանող և 24 գործատու։ «Մենք արդեն դրական արդյունք ունենք, կան ուսանողներ, ովքեր կարողացել են այս պորտալի օգնությամբ աշխատանք գտնել», – նշեց Կիրակոսյանը։

«Հուսով եմ, որ այս ծրագրի շրջանակում կավելանա միացված բուհերի և ուսանողների թիվը, և ծրագիրը ավելի շոշափելի արդյունքներ կգրանցի», – ավելացրեց Կիրակոսյանը։

Tempus–ը ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միջբուհական համագործակցության նախագծերի միջոցով աջակցել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Արևմտյան Բալկանների և Միջերկրածովյան գործընկերներ երկրներում բարձրագույն կրթության արդիականացման գործընթացներին։

«HEN-GEAR» նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել շրջանավարտների պահանջարկի և առաջարկի համալիր մոդել` հիմնված շրջանավարտների տվյալների բազայի վրա։ Մոդելի ստեղծումը Իտալիայում և այլ երկրներում արդյունավետ կերպով գործող Ալմա Լաուրեա բոլոնյան միջհամալսարանական կոնսորցիումի միատիպ մոդելի կրկնությունը կլինի։ Կստեղծվի Հայաստանի համալսարանների շրջանավարտների տվյալների բազա HEN-GEAR նախագծի հիման վրա և կուսումնասիրվեն մեկ տարի առաջ բուհն ավարտած շրջանավարտների աշխատանքի պայմանները։ Նախատեսվում է ստեղծել շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգ։ –0–