Տեսչական մարմինը կասեցրել է Երևանում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը հիգիենայի պահանջների խախտման պատճառով (ՖՈՏՈ)
30.05.2025,
11:58
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ Տեսչական մարմինը կասեցրել է Երևանում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Նորագավիթ փ․)։
Մասնավորապես՝
- հատակների, առաստաղի, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։