Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վարչապետ. ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով

04.05.2020, 17:55
Վարչապետ. ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով

Վարչապետ. ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ:

«Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացմանը, հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացմանը, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգմանը և այլ ուղղություններով: Բացի այդ, պատրաստ են շուրջ 4.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է շուրջ 74 կրթական միավորի նախագծերի մշակման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք ամբողջությամբ ավարտին կհասցվեն մինչև 2020 թ. հուլիսի վերջ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով, ինչին կնպաստի նաև կապիտալ ծախսերի նախագծային աշխատանքների և արդեն պատրաստ նախագծերի մրցույթների զուգահեռ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև գույքագրել բոլոր գերատեսչություններում առկա պատրաստ նախագծերը, հստակեցնել մրցութային ընթացակարգերը և արագ կյանքի կոչել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ներկայացրել է մշակութային հուշարձանների վերականգնման, պահպանության և զարգացման ուղղությամբ մի շարք առաջարկներ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը պետք է դիտարկել համալիր լուծումների համատեքստում և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել առաջարկները, մշակել կոնկրետ հայեցակարգեր ու նախագծեր:-0-