Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը կարող է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը. փոխնախարար

12.07.2013, 12:33
Վեճերի այլընտրանքային կարգավորման ներմուծումը և զարգացումը կարող է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը և նրանց ներդրումների ծավալը, ուրբաթ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը։

Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը կարող է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վեճերի այլընտրանքային կարգավորման ներմուծումը և զարգացումը կարող է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը և նրանց ներդրումների ծավալը, ուրբաթ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա` վեճերի այլընտրանքային կարգավորման միջոցների ներմուծումը և զարգացումը կարող են բեռնաթափել դատարանները, որն էապես կանդրադառնա նաև գործերի վերանայման որակի և ժամկետների ու կողմերի ծախսերի վրա։

Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանում այդ ընթացակարգերի զարգացման հարցը դատաիրավական բարեփոխումների կարևորագույն կետերից մեկն է և ներառված է 2012–2016թթ.–ի բարեփոխումների ծրագրում։

«Մենք Հայաստանում արբիտրաժ ունենք, սակայն այն անհրաժեշտ է զարգացնել և կատարելագործել։ Մենք միջնորդների ինստիտուտ չունենք, որը պետք է ներմուծել»,– ասաց նա։

Փոխնախարարն ավելացրեց, որ այդ երկու ուղղություններով Արդարադատության նախարարությունն աշխատանք է տանում և դրանց դրույթները կներառվեն մշակվող նոր Քաղաքացիական գործընթացային օրենսգրքում։

ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի (USAID) ղեկավար Կարեն Հիլիարդն (Karen R. Hilliard) իր հերթին նշեց, USAID–ը կաջակցի Հայաստանի Արդարադատության նախարարությանը` վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի ներմուծման հարցում։

«USAID–ը կֆինանսավորի համակարգի գնահատականը, նոր օրենքների մշակումը, միջնորդների վերապատրաստումը և հասարակության իրազեկման արշավը»,– հայտնեց նա` չմատնանշելով հետագա ֆինանսական աջակցության ծավալը։

Հիլիարդը նշեց, որ Համաշխարհային բանկի համաձայն, պայմանագրերի ոչ պատշաճ կատարումը Հայաստանում բիզնեսի իրականացման համար հիմնական պատնեշներից մեկն է և որ հայկական դատարաններում գործերի քննարկումն ամիսներ է տևում ծանրաբեռնվածության պատճառով։

«Հուսով ենք, որ տնտեսության ոլորտի խնդիրների լուծման այդ նոր միջոցը կավելացնի ներդրողների վստահությունը, Հայաստանի տնտեսության նոր ներդրումներ կապահովի և աշխատատեղեր կստեղծի»,– ավելացրեց նա։

Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի կողմից (EDMC / USAID)` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ։ Համաժողովի աշխատանքին մասնակցել է ԱՄՆ–ի շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսը և Ռոբերտ Լասնիկը։ –0–