Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ոստիկանություն. Փաշինյանի դեմ երևանյան ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 85 անձ

21.11.2020, 00:23
Ոստիկանություն.  Փաշինյանի դեմ երևանյան ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 85 անձ
Ոստիկանություն. Փաշինյանի դեմ երևանյան ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 85 անձ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում ուրբաթ օրն անցկացված բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 85 մարդ, այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

Նրա խոսքով, բերման ենթարկվածները տարվել են Հայաստանի Քննչական կոմիտե:Ուրբաթ օրն ամբողջ Երևանի տարածքով կազմակերպվել է բողոքի ակցիա` վարչապետի հրաժարականի պահանջով։ Ցուցարարները փորձում էին փակել փողոցները, սակայն ոստիկանությունը խոչընդոտում էր նրանց գործողություններին ու բերման ենթարկում։

Նրանք բողոքի ցույց էին անցկացնում «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կոչերով: Հատուկջոկատայինները կոպտորեն բերման են ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների:

Միաժամանակ, համաձայն «Նովոստի-Արմենիա» գործակալության ստացած մամլո հաղորդագրության, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։ 

ՄԻՊ-ից հայտնել են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Նշվում է, որ այսօր ավելի վաղ ևս արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Նախօրեին Երևանում ևս անցկացվում էին բողոքի ակցիաներ` Փաշինյանի հրաժարականի պահանջով Արցախի հարցով ստորագրված հայտարարության կապակցությամբ։–0–