Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի քաղաքապետարանը 23 մլրդ դրամ կհատկացնի 2013թ.–ի ընթացքում մայրաքաղաքը բարեկարգելու համար

05.04.2013, 16:53
Երևանի քաղաքապետարանը 23 մլրդ դրամ կհատկացնի 2013թ.–ի ընթացքում մայրաքաղաքը բարեկարգելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
Երևանի քաղաքապետարանը 23 մլրդ դրամ կհատկացնի 2013թ.–ի ընթացքում մայրաքաղաքը բարեկարգելու համար
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Երևանի քաղաքապետարանը 23 մլրդ դրամ կհատկացնի 2013թ.–ի ընթացքում մայրաքաղաքը բարեկարգելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
«Այդ գումարը կծախսվի տարբեր ուղղություններով, այդ թվում` շինարարության, կանաչապատման, նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև փողոցների և մայթերի բարեկարգման նպատակով»,– ասաց նա։

Արեյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում քաղաքապետարանը 2,5 մլն քմ տարածք կասֆալտապատի և կնորոգի բետոնե ծածկույթները, այդ թվում հիմնովին կնորոգի քաղաքի 30 հիմնական փողոցները, իսկ 300 փողոցներում ընթացիկ նորոգում կիրականացնի։

Ըստ քաղաքապետի տեղակալի, քաղաքապետարանը կբարեկարգի տարբեր վարչական շրջանների 500 հազար քմ բակային տարածքներ, կիրականացնի ասֆալտապատում, կանաչապատում և նստարաններ կտեղադրի։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում 2013թ.–ին շահագործման կհանձնվեն մի շարք տրանսպորտային հանգույցներ` մասնավորապես Լենինգրադյան – Իսակով խաչմերուկը կապող` արագ երթևեկության համար նախատեսված մայրուղին, ինչպես նաև նախատեսվում է ավարտին հասցնել Ուլնեցի–Ռուբինյանց հատվածի շինարարությունը։

Ըստ Արեյանի, ծրագրի շրջանակներում 2013թ.–ին նախատեսվում է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ Քրիստափորի փողոցում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել։ Բացի այդ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ութ նոր գետնանցումներ կկառուցվեն։

Նա տեղեկացրեց, որ վթարային չորրորդ աստիճանի մի շարք շենքերի բնակիչների տեղափոխման համար, որոնց նախատեսվում է դուրս բերել շենքից փլուզման բարձր վտանգի պատճառով, Երևանի տարբեր թաղամասերում շահագործման կհանձնվեն երկու բնակելի շենքեր, որոնք բնակարաններով կապահովեն 226 ընտանիքի։

Ըստ նրա, մայրաքաղաքում նաև արդեն մի քանի հրապարակների նորոգում է անցկացվում, այդ թվում` Ազնավուրի և Մամիկոնյանի հրապարակների։

«Ընդհանուր առմամբ, 2013թ.–ին մենք նախատեսում ենք վերանորոգել Երևանի շուրջ 50 հազար քմ տարածք»,– ավելացրեց նա։

Արեյանը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարում շուրջ 20 մլն դրամ է նախատեսվում ծախսել հաշմանդամների համար նախատեսված 196 թեքահարթակ կառուցելու նպատակով։

Արեյանը նշեց, որ բարեկարգման շրջանակներում նախատեսվում է նաև մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այդ նպատակով քաղաքապետարանը 1,7 մլրդ դրամ կհատկացնի։ –0–