Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Զատկի նախաշեմին ձկան գինը Հայաստանում կբարձրանա. Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար

06.03.2013, 16:21
Զատկի տոնից առաջ ձկան մեծածախ գները կբարձրանան մոտ 100 դրամով, իսկ տոնից անմիջապես հետո` ևս 300 դրամով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։
Զատկի նախաշեմին ձկան գինը Հայաստանում կբարձրանա. Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Զատկի տոնից առաջ ձկան մեծածախ գները կբարձրանան մոտ 100 դրամով, իսկ տոնից անմիջապես հետո` ևս 300 դրամով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։

Ըստ նրա, այսօր մեկ կիլոգրամ ձկան արժեքն այսօր կազմում է շուրջ 1450 դրամ։

«Տոնից հետո կաճի ձկան պակասը, քանի որ շուրջ 57 ձեռնարկություններ վերջին ամիսներին դադարեցրել են իրենց գործունեությունը։ Բազմաթիվ ձկնաբուծական ձեռնարկություններ նույնպես զգալիորեն կրճատել են արտադրական ծավալները, ինչը գների բարձրացման կհանգեցնի»,– ասաց նա։

Աթոյանը նշեց, որ նման փոփոխությունները կատարվել են Ռոսսելխոզնադզորի կողմից հայկական չորս ընկերությունների արտադրանքի արտահանման սահմանափակումների հետևանքով։

Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավարն ընդգծեց, որ այդ պայմաններում ձկան` մեծ ծավալներով արտադրությունը ոչ շահավետ է հայկական ձկնաբուծական տնտեսությունների համար, որոնք ավելի վաղ խոշոր պատվերներ էին ընդունում Ռուսաստանից։

«Դրանից հետո Հայաստանում ավելացել է առաջարկը, ինչի արդյունքում ձկան գները մանրածախ շուկայում գործնականորեն հավասարվել էին ինքնարժեքին, իսկ մեկ կիլոգրամից ստացված շահույթն արտադրողի համար կազմել էր 80-120 դրամ»,– ասաց նա` ավելացնելով, որ այժմ ձկնաբուծական տնտեսությունները գերադասում են ոչ մեծ ծավալի արտադրանք արտադրել տեղական շուկայի համար։

Հայաստանի ձկնաբուծական ասոցիացիայի տվյալներով, այս պահին հանրապետությունում գործում է 215 ձկնաբուծական տնտեսություն` 2011 թվականի 180–ի դիմաց։

Ձկան հայկական արտադրանքի արտահանման ծավալները 2012 թվականին կազմել են 1530 տոննա, 2011 թվականին` 800 տոննա, 2010–ին` 600 տոննա։

Ռոսսելխոզնադզորն Իսլանդիայից և Հայաստանից ստացված ձկան խմբաքանակներում աղիքային ցուպիկի հայտնաբերման հետևանքով որոշում է ընդունել 2012 թվականի սեպտեմբերի 27–ից ժամանակավոր սահմանափակումներ սահմանել համապատասխան արտադրանքը ՌԴ ներկրելու համար։ Մասնավորապես, Ռուսաստանն աղիքային ցուպիկի հայտնաբերման մասին է հայտնել ձկան չորս արտահանողների («Ակվատեխավտոմատիկա», «Յունիֆիշ», «Դիմիտրի» և «Գոս») արտադրանքի մեջ։


Սակայն ինչպես հայտնում են Ձկնաբույծների ասոցիացիայից, Հայաստանի ձկան արտադրությունը նախքան արտահանումը ենթարկվում է մանրազնին փորձաքննության Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից, և հայկական չորս ընկերությունների արտադրանքում աղիքային ցուպիկ չի հայտնաբերվել։

Ռուսաստանից բացի, որին բաժին է ընկնում արտահանման մոտ 80-90 տոկոսը, Հայաստանը ձուկ է արտահանում նաև Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և մի շարք այլ երկրներ։ -0-