«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 2016 թ.–ին աճել է 12%–ով
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. 2016 թվականին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, 2015 թվականի համեմատ, գրանցվել է ուղևորահոսքի 10,4 տոկոսի աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ, հայտնել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարությունից:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:
Ինչպես և կանխատեսվում էր, 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:
Հաղորդագրության համաձայն, 2016 թվականին Երևանից մեկնել է 1 048 153 ուղևոր և ժամանել է 1 057 387 ուղևոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղևոր, ժամանածներինը՝ 935 294 ուղևոր:
2016 թվականին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակը: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոսի աճ` նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին գրանցված ցուցանիշը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ գրանցելով 2,8 տոկոսի աճ:
Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ: -0-