«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 10 ամսում ավելացել է գրեթե 10%-ով
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2016 թվականի հունվար–հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.5 տոկոսով` կազմելով 1 747 926 ուղևոր, երեքշաբթի հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի ծառայությունը։Ընդ որում, 2016 թ.-ի հոկտեմբերին, 2015 թ.-ի հոկտեմբերի համեմատ, “Զվարթնոց” օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 32 տոկոսանոց աճ:
Հաշվետու ժամանակահատվածում երևանյան «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է տեղափոխվել 13 290 տոննա բեռ, ինչը 81 տոկոսով գերազանցում է 2015 թ.-ի համարժեք ցուցանիշը:
«Արմենիա – միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը հայկական կառավարության հետ 2001 թվականին ստորագրած կոնցեսիոն կառավարման մասին 30–ամյա համաձայնագրով։ Ընկերության սեփականատերն American International Airports արգենտինյան ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ -0-