Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Թույլ ֆիզիկական պատրաստվածությունն ազդել է վերջին երկու առաջնություններում հայ շախմատիստների խաղի վրա. ՖԻԴԵ-ի մարզիչ

09.12.2013, 11:09
Ոչ բավարար ֆիզիկական պատրաստվածությունն ազդել է Շախմատի Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականի խաղի վրա, կարծում է Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ–ի մարզիչ Աշոտ Նադանյանը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Թույլ ֆիզիկական պատրաստվածությունն ազդել է վերջին երկու առաջնություններում հայ շախմատիստների խաղի վրա. ՖԻԴԵ-ի մարզիչ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոչ բավարար ֆիզիկական պատրաստվածությունն ազդել է Շախմատի Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականի խաղի վրա, կարծում է Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ–ի մարզիչ Աշոտ Նադանյանը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Վերջին երկու առաջնություններում Հայաստանի հավաքականի խաղը չի կարելի հաջող համարել, ամեն դեպքում թիմին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել։ Նոյեմբերին Վարշավայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ վերջերս Անթալիայում ավարտված աշխարհի առաջնությունում հայ շախմատիստները զբաղեցրեցին 5–րդ տեղը։

«Աշխարհի առաջնությունում մենք ավելի վատ խաղացինք, քան Եվրոպայի առաջնությունում։ Աշխարհում 5–րդը լինելը, իհարկե, շատ լավ արդյունք է, սակայն մենք սովոր ենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել։ Եթե խոսենք մեր շախմատիստների խաղի մասին զուտ շախմատային տեսակետից, ապա կային բացթողումներ, ուկրաինացիների, չինացիների և գերմանացիների հետ պարտված խաղերում թույլ տրվեցին զուտ շախմատային սխալներ», – ասել է Նադանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նադանյանի կարծիքով` երկու առաջնություն անընդմեջ խաղերում թույլ տրված սխալների պատճառներից մեկը կարող է լինել մարզիկների թույլ ֆիզիկական պատրաստվածությունը։

«Երբ շախմատի խաղատախտակի առաջ նստում ես 4–5 ժամ ճիշտ քայլի մշտական ընտրության լարվածության մեջ, ապա գլուխդ պետք է լավ աշխատի, և դու չպետք է հոգնես, իսկ այդ ամենը կախված է ֆիզիկական վիճակից։ Բոտվիննիկը նաև խորհուրդ էր տալիս խաղից առաջ 20 րոպե քայլել...», – ասել է Նադանյանը։

Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հիանալի հանդես եկավ, ինչը չի կարող ասվել թիմի մյուս անդամների մասին։

Արոնյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնության առաջին խաղատախտակի առջև` չկրելով ոչ մի պարտություն։

«Սովորաբար մեր շախմատիստները, բացի Լևոնից, ով շախմատի թագը նվաճելու նպատակին պրոֆեսիոնալ կերպով է մոտենում, ֆիզիկական պատրաստվածությանն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, չեն զբաղվում սպորտով, իսկ բարձր մակարդակի առաջնություններում շատ կարևոր է լինել լավ մարզավիճակում։ Հնարավոր է, որ պատճառը թույլ ֆիզիկական պատրաստվածություն է, իսկ զուտ շախմատային պատրաստվածությունը, իմ կարծիքով, առկա է», – ասել է Նադանյանը։

Նա նաև նշել է, որ բացի օբյեկտիվ պատճառներից, որոնք ազդում են խաղի արդյունքների վրա, մեծ դեր ունի նաև հաջողության մասնաբաժինը։ «Չեմ զարմանա, եթե մեկ ամսից նմանատիպ մրցաշարում մենք հաղթանակ տանենք։ Հաջողությունը մեծ դեր է խաղում», – հայտարարել է նա։
Հայ շախմատիստները Համաշխարհային շախմատային օլիմպիադաների (2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և  2012 թվականին` Ստամբուլում) եռակի հաղթողներ են։

Բացի այդ, Հայաստանի հավաքականը 1992, 2002, 2004 թթ.–ի օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999 թ.–ի Եվրոպայի առաջնության հաղթողը։ Հավաքականը 2007 և 1997 թթ.–ի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրն է, 1997, 2001 և 2005 թթ.–ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։–0–