Երևանում տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, մարզադպրոցի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
Մարզադպրոցի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ։
Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։ Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով։
Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։
Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։
Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը, մարզիկներ: