Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Իտալացիների մարզիչ Պրանդելին հայերի հետ բարդ խաղ է սպասում

12.10.2012, 10:19
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կարծում է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հետ կայանալիք այսօրվա խաղը բարդ է լինելու:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կարծում է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հետ կայանալիք այսօրվա խաղը բարդ է լինելու:

«Վաղը մենք ակնկալում ենք բարդ խաղ, քանի որ երկու թիմերն էլ հաղթանակի են տրամադրված: Մենք պետք է շատ բարձր ռիթմ պահպանենք»,- ասաց Պրանդելին խաղին նախորդած ասուլիսում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:  

Նա նշեց, որ իտալացիները չեն վախենում մրցակիցներից, սակայն որոշ անհանգստություն կա:

«Մենք Եվրոպայի փոխչեմպիոնն ենք, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է թերագնահատենք մրցակիցներին: Վաղը մենք կտեսնենք հաղթանակի ձգտող երկու թիմերի դիմակայություն»,- ասաց Պրանդելին:

Նա նշեց նաև, որ հետևում է Հայաստանի հավաքականի վերջին խաղերին՝ ընդգծելով, որ հարձակման գծի 3-4 խաղացողներ եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներ են:

«Հայաստանն աճող թիմ է, որը շատ գրագետ խաղում է ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Հաջողության հասնելու համար մենք պետք է բարձր ֆուտբոլ խաղանք և չթուլացնենք տեմպը»,- ասաց իտալացիների մարզիչը:  

Նա ավելացրեց, որ գոհ չէ իր թիմի վերջին երկու խաղերից և Հայաստանի հետ հանդիպման ժամանակ հույս ունի շտկել իրավիճակը: «Դրա համար թիմը ակտիվ և լարված մարզվում է»,- ասաց Պրանդելին:

Հայաստանի և Իտալիայի հավաքականների միջև ընտրական խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12–ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում` ժամը 21։00–ին։

Հայաստանը հայտնվել է ընտրական փուլի B խմբում:

Երկու խաղերից հետո Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները չորսական միավոր են հավաքել, հայկական թիմը` երեք միավոր: Դանիացիներն ու չեխերը, որոնք ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել` մեկ միավոր են հավաքել: Մրցաշարային աղյուսակը զրոյական արդյունքով փակում է խմբի աութսայդեր Մալթայի հավաքականը:

Առաջին խաղին հայ ֆուտբոլիստները հաղթանակ տարան Մալթայի հավաքականի նկատմամբ` 1:0, իսկ բուլղարացիները ոչ-ոքի խաղացին իտալացիների հետ` 2:2 հաշվով: –0–