Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մոտ 20 մլրդ 900 մլն դրամ կհատկացվի Ջրվեժում Համահայկական խաղերի մարզական ավան կառուցելու համար

21.08.2025, 15:46
Ջրվեժում կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան
Մոտ 20 մլրդ 900 մլն դրամ կհատկացվի Ջրվեժում Համահայկական խաղերի մարզական ավան կառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ջրվեժում կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան։  

Կառավարությունը հավանություն է տվել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի ներկայացրած՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ ՀՀ սեփականություն հանդիսացող «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներկայացված ներդրումային ծրագրին: 

Ըստ այդմ՝ ընդունվել է կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված է Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցմամբ: 

Այն Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Կազմակերպությունն առաջին փուլում տեղադրելու է էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ 

Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։

Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 20 մլրդ 900 մլն դրամ։ 

Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախատեսված ծրագրային 3 փուլերի ավարտից հետո, ավանի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում, կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև կտնկվի շուրջ 20,000 ծառ։