Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ինչպես հասնել հաջողության ֆինանսական շուկայում․ հաջողակ ներդրողի 10 հատկանիշ

10.06.2024, 10:26
Ներկայացնում ենք հաջողակ ներդրողի 10 հատկանիշները
Ինչպես հասնել հաջողության ֆինանսական շուկայում․ հաջողակ ներդրողի 10 հատկանիշ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայտնի ձեռներեցները, ովքեր մեծ կարողություն են վաստակել, ոմանց հեռու և անիրական են թվում: Նրանց պատմություններն ապրում են «հեռուստացույցում», սոցիալական ցանցերում և այլուր։ Կան նաև այնպիսիք, ովքեր, ընդհակառակը, ոգեշնչվում են հաջողության օրինակներով և անսասան ինքնավստահությամբ շտապում են նվաճել ներդրումային շուկան։

Այս դիրքորոշումներից որևէ մեկը ճի՞շտ է: Միգուցե ներդրողը պետք է որոշ սուպերորակներ ունենա՞ բարձր արդյունքների հասնելու համար, թե՞ պետք է հայտնվի բացառիկ հանգամանքներում: Անդրադառնալով իրական պատմություններին, հետազոտություններին և փորձագիտական ​​կարծիքներին՝ կկազմենք հաջողակ ներդրողի բնութագիրը: Դրա համար դիտարկենք հաջողակ ներդրողի 10 հատկանիշները։

1․ Կարգապահություն

Ներդրողի համար կարևոր է պահպանել կարգուկանոն վարքի տարբեր ասպեկտներում: Կարգապահությունը պետք է դրսևորվի սեփական սկզբունքներին հետևելու, ֆինանսական շուկայի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու և ռազմավարություն կառուցելու հարցում: Այս որակն իսկապես ստուգվում է միայն դժվար հանգամանքներով: Հեշտ է ասել, որ դուք կարգապահ եք, երբ իրադարձությունները զարգանում են սովորական և հասկանալի սցենարով: Բայց ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են էմոցիոնալ գործել, ենթարկվել պատրանքներին և հետ կանգնել սեփական ծրագրերից: Ֆինանսական լրագրող և The Wall Street Journal-ի սյունակագիր Ջեյսոն Ցվեյգը նշում է, որ կարգապահությունը ներդրողի պարտադիր հատկանիշներից է: Նրա կարծիքով՝ պրակտիկայի մակարդակում կարգուկանոն հաստատելու համար անհրաժեշտ է.

– կազմել սեփական գործողությունների չեք–լիստեր և ընտրված ակտիվների ցանկեր

– որոշել արժեթղթերի գնման համար օպտիմալ արժեքը

– ուսումնասիրել շուկան

– չարձագանքել ինֆո–աղմուկին

– սահմանել ցուցանիշների շեմ, որոնց հասնելու դեպքում անհրաժեշտ է վերաբալանսավորել պորտֆելը

фридом инвестор

2․ Երկարաժամկետ հեռանկարով մտածելու ունակություն 

Ներդրողի հոգեբանությունը մեծ մասամբ հիմնված է մարդկային էության վրա և ամրագրված է էվոլյուցիայով։ Հիմնադրամների կառավարիչ և վենչուրային կապիտալիստ Ջեյմս Օ’Շոնեսին, հղում անելով Հենրիկ Կրոնկվիստի և Ստեֆան Սիգելի գործերին, նշում է․ նույնիսկ կրթությունն ավելի քիչ է ազդում ներդրումային ընտրության վրա, քան գենետիկան։ Մարդու համար հատուկ է արագ որոշումներ ընդունել՝ ելնելով սկզբնական արձագանքից։

Անկայուն իրավիճակում միջոցները կորցնելու վախը պաշտպանական մեխանիզմ է, իսկ էմոցիաներից հեռանալու և հաշվարկին հետևելու կարողությունը հակասում է բնությանը։ Հաջողակ ներդրողի համար ներկան կարևոր է միայն ապագայի հետ կապով։ Նա պետք է մտածի՝ երկարաժամկետ հեռանկարով և լինի համբերատար։

фридом инвестор

3․ Ուշադրություն գործընթացի, ոչ միայն՝ արդյունքների նկատմամբ

Ներդրողների մեծ մասին հատուկ է կենտրոնանալ ֆոնդի, ակտիվի կամ ռազմավարության վերջին ցուցանիշների վրա։ Ընկերություն ընտրելիս կամ պլան կազմելիս իսկապես կարևոր է գնահատել ընկերությունների արդյունքները։ Սակայն սեփական կանխատեսման համար անհրաժեշտ է նաև վերլուծել որոշումներ ընդունելու գործընթացը։ Հիմնվելով միայն նախկին ցուցանիշներ վրա՝ բազմաթիվ ներդրողներ չեն հասկանում, թե կոնկրետ ինչ են անում և ինչու։ Նրանք միայն վերարտադրում են որոշակի մոդել, որը կարող է կիրառելի չլինել փոփոխվող հանգամանքներում։

Օ’Շոնեսին որպես օրինակ ներկայացնում է 5 տարվա ընթացքում լավագույն տարեկան աճ գրանցած 50 բաժնետոմսերի գնումից ստացված արդյունքները։ Նման ռազմավարությունը, ինչպես ցույց է տալիս համեմատությունը, ավելի արդյունավետ էր, քան ներդրումը S&P 500–ում։ Սակայն եկամտաբերություն գրանցվեց, երբ տեղի ունեցավ սպեկուլյատիվ բաժնետոմսերի գների «ցատկ»։ Հետագայում արժեթղթերի գինը կտրուկ նվազեց։ Ընտրելով դրանք այլ ժամանակահատվածում՝ ներդրողը կձախողեր։ Նշանակում է՝ չի կարելի կողմնորոշվել կարճաժամկետ հեռանկարում գրանցված արդյունքներով՝ հաշվի չառնելով կոնտեքստն ու նախադրյալները։

Ջեյսոն Ցվեյգը նաև գրում է, որ չարժե հավատալ և պատճենել ռազմավարությունները միայն անցյալում գրանցված բարձր ցուցանիշների պատճառով։

фридом инвестор

4․ Կանխատեսումներն անտեսելու ունակություն

Ներդրողը հաճախ գործում են՝ հիմնվելով օտար գնահատականների և կանխատեսումների վրա։ Հայտնի ներդրող Դևիդ Դրեմանը համեմատել է շուկայում կարծիքների առաջնորդների կանխատեսումներն իրական արդյունքների հետ և բացահայտել է, որ 1988–2006թթ․–ին S&P 500–ի վերլուծաբանների և տնտեսագետների մոտ միջին տարեկան տոկոսային սխալը կազմել է համապատասխանաբար 81% և 53%։

Նշանակում է, որ նույնիսկ փորձագետները միշտ չէ, որ կարող են կանխատեսել իրադարձությունների զարգացումը։ Ձեր որոշումների հիմքում պետք է լինեն ակտուալ դիտարկումներն ու սեփական սկզբունքները։

фридом инвестор

5․ Համառություն և համբերություն

Ջեյմս Օ'Շոնեսին նշում է, որ հայտնի ներդրողներն օգտագործում են տարբեր ռազմավարություններ, բայց միակարծիք են սկզբունքներին երկարաժամկետ հավատարմություն պահպանելու հարցում։

Նրա օրինակներից մեկը Բեն Գրեմն է։ Ներդրողը միշտ հետևել է միանման չափանիշներին՝ թողարկող ընտրելիս՝ վաճառքների ծավալ, լիկվիդայնություն, պարտք, շահույթի աճ և դրա հարաբերակցությունը ընկերության արժեքի հետ, դիվիդենտային վճարներ։ 13 տարվա ընթացքում Գրեմը գրանցել է 377% համախառն եկամուտ՝ գերազանցելով շուկան 248%–ով։

Որոշակի ժամանակահատվածներում ռազմավարությունն անշահավետ էր, բայց հետո վերադառնում էր բարձր ցուցանիշների։ Այսինքն՝ շահույթ ստանալու համար անհրաժեշտ էր համբերատար լինել բավականին երկար ժամանակ՝ չհրաժարվելով ընտրված ուղուց անկումների ժամանակ։

фридом инвестор

6․ Մտավոր ուժեղ տրամադրվածություն

Երկար տարիների ընթացքում հաջող ներդրումներ կատարելու համար ներդրողը պետք է որոշումներ կայացնի՝ հիմնվելով սեփական սովորությունների և տեսլականի վրա, ոչ թե հույզերի, արտաքին իրադարձությունների և ուրիշների տեսակետների վրա: Ըստ Օ'Շոնեսիի՝ այս կարողությունը կարելի է մարզել։ Փորձագետը նշում է, որ ֆինանսական շուկայում կայուն փող վաստակող մարդկանց ինքնատիրապետումը երբեմն սահմանակից է ստոիցիզմին։

Հաջողակ ներդրողը կարողանում է ընդունել անձնական պատասխանատվություն և սեփական սխալները։ Նման մարդը չի մեղադրում ուրիշներին, վերլուծում է սեփական գործողություններն ու արդյունքները։ Ցանկացած փորձ, նույնիսկ բացասական, ներդրողը պետք է ընկալի որպես դաս և եզրակացությունների աղբյուր։ Զգացմունքներին հաճախ հաջորդում է խեղաթյուրված մեկնաբանությունը, որը թույլ չի տալիս ուղղել սխալները:

Մտավոր տրամադրվածության կայունությունն ավելի շատ ձեռքբերովի, քան բնածին հատկանիշ է: Դա զարգացնելու համար Օ'Շոնեսին խորհուրդ է տալիս հետևել իրադարձությունների նկատմամբ ցուցաբերվող սեփական արձագանքներին՝ պահելով օրագիր: Դա կօգնի ավելի լավ բնութագրել սեփական վարքի օրինաչափությունները և ուղղել դրանք: Պետք է հավատալ, որ կարող եք կառավարել սեփական միտքը՝ էմոցիաներն ու նույնիսկ բացասական դրսևորումները՝ վախը, ագահությունը, նախանձը, բնական են։ Կարևոր է նկատել դրանք և որոշումներ կայացնելիս թողնել հետին պլանում։

фридом инвестор

7․ Կենտրոնացում ոչ թե հնարավորությունների, այլ հավանականությունների վրա

Պետք է տարբերակել «հնարավորություն» և «հավանականություն» հասկացությունները։ Սեփական հաջողության հանդեպ հավատը պետք է ամրապնդվի այն բանի ընկալմամբ, թե ինչպես կհասնեք բարձր արդյունքների: Կարելի է պատկերացնել ընտրված ակտիվների և՛ անհավանական թռիչք, և՛ կտրուկ անկում: Բայց եթե նման սցենարները չունենան օբյեկտիվ հիմքեր, ապա ռազմավարությունը դժվար թե արդյունավետ լինի։ Ցանկացած ընկերություն կարող է ձախողվել կամ առաջընթաց գրանցել, բայց հավանականությունը տարբեր դեպքերում միանման չէ։

Կանխատեսումների համար Ջեյմս Օ'Շոնեսին առաջարկում է գնահատել արդյունքները երկար ժամանակահատվածում՝ տեսնելով, թե որքան հաճախ և որքանով են դրանք գերազանցել շուկայի բազային ցուցանիշներին: Ոչ բոլոր ներդրողներն են կատարում են համեմատություններ էտալոնային տոկոսադրույքի հետ և պատրաստ են վերլուծել մեծ քանակությամբ տվյալներ: Այնուամենայնիվ, հենց հավանականությունները հաշվի առնող մոտեցումն է տալիս հսկայական առավելություն։

фридом инвестор

8․ Հետաքրքրասիրություն

Շատ հաջողված պատմությունները ցույց են տալիս, որ հայտնի ներդրողները ոչ միայն տաղանդավոր ֆինանսիստներ են, այլև ուժեղ անհատականություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ և զարգանալու ձգտմամբ։ Տարբեր ոլորտների գիտելիքները, կարդալու, տեղեկատվություն գտնելու և վերլուծելու սովորությունն օգնում են գործել շուկայում։

Ուորեն Բաֆեթը կարծում է, որ հարուստ մարդկանց մեծ մասի հատկանիշներից են առողջ ապրելակերպը, ինքնակրթությունը և տարատեսակ հոբբիները: Նա գրել է. «Եթե օրվա վերջում գալիս ես այն եզրակացության, որ գիտես ճիշտ այնքան, որքան գիտեիր առավոտյան, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ ես անում…»:

Զարգացած էմոցիոնալ ինտելեկտով մարդիկ են հասնում բարձր եկամուտների։ Նրանք հասկանում են, թե ինչը կարող է ազդել մարդու վարքի վրա որոշակի հանգամանքներում: Դա օգնում է լսել ինքդ քեզ և ուրիշներին, կանխատեսել, խուսափել կոնֆլիկտներից կամ լուծել դրանք: Էմոցիոնալ ինտելեկտը կարևոր է ոչ բարի և անբարեխիղճ մարդկանցից հեռու մնալու և շուկայում վստահելի գործընկերներ ընտրելու համար:

фридом инвестор

9․ Ճիշտ վերաբերմունք փողերի նկատմամբ

Եթե ​​մարդը հարստությունը համարում է անթույլատրելի ինչ–որ բան, որը մատնանշում է չարչիություն և անազնվություն, ապա նա ակնհայտորեն չի ձգտում բարձր շահույթի։ Այս մտածելակերպը դրսևորվում է ոչ միայն ներդրումային համատեքստում և կարող է բացասաբար ազդել արդյունքների վրա ցանկացած ոլորտում: Մարդիկ, ովքեր ժխտում են փողի կարևորությունը, հաճախ հանդիպում են ֆինանսական դժվարությունների, դառնում նախանձ կամ իրենց կյանքը վերածում տանջանքի։

Փող աշխատելու նկատմամբ հակառակ վերաբերմունքը՝ հարստանալու գաղափարի մոլուցքը, նույնպես կարող է հանգեցնել աղքատության կամ ներքին աններդաշնակության: Արժանապատիվ եկամուտ ստանալը պարտավորություն կամ ստրկություն չէ: Մի վախեցեք փողից և մի խոնարհվեք դրա առաջ: Հաջողակ ներդրող կլինի այն մարդը, ով ֆինանսն ընկալում է որպես գործիք և հասկանում է, թե ինչու է այն անհրաժեշտ:

фридом инвестор

10․ Դրական վերաբերմունք կյանքի նկատմամբ 

Դիտարկելով հարստության և աղքատության պատճառները՝ Ուորեն Բաֆեթը նշել է, որ մարդիկ, ովքեր ձգտում են հասնել նոր բարձունքների, շատ ավելի հաճախ են բարձր եկամուտներ ստանում, քան նրանք, ովքեր կենտրոնանում են խնայողությունների վրա: Մարդը, ով չի կարողանում երկարաժամկետ հեռանկարներ պատկերացնել, հաջողակ ներդրող չի դառնա, քանի որ չունի գրագետ պլանավորելու հմտություններ:

Բողոքելու և կյանքը, որպես անվերահսկելի ինչ–որ բան ընկալելու սովորությունը հանգեցնում է աղքատության: Բացասական վերաբերմունք ունեցող մարդիկ հաճախ անարդյունավետ են: Նրանք վախենում են փոփոխություններից, ինչը խանգարում է օպտիմալ լուծումներ գտնել։ Հաջողության են հասնում նրանք, ովքեր փնտրում են ոչ միայն նոր ուղիներ, այլև հին ճանապարհներից հրաժարվելու միջոցներ։

Մնաց եզրակացություն անել

Արդյունավետ ներդրողի բնութագիրը ցույց է տալիս, որ անհրաժեշտ որակները կարելի է զարգացնել՝ տալով ճիշտ ուղեցույցներ։ Բիզնեսի արդյունքները կախված են այն բանից, թե, արդյոք, մարդը պատրաստ է ուժ ներդնել և փոխվել։ Հաջողակ ձեռներեցը սուպերհերոս չէ, այլ ուժեղ անձնավորություն։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: