Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արժանի ֆինանսական վիճակը ստեղծվում է ոչ թե մեծ եկամտի, այլ կապիտալը տնօրինելու ունակության շնորհիվ՝ միաժամանակ վերահսկելով և ավելացնելով այն։
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին։ Ֆինանսական կրթվածությունն օգնում է․
– ճիշտ գնահատել սեփական եկամուտներն ու ծախսերը
– հետևել միջոցների հաշվեկշռին և թույլ չտալ, որպեսզի ծախսերը գերազանցեն
– խուսափել ֆինանսական դրության հետ կապված բացասական սցենարներից, անդառնալի կորուստներից, սնանկությունից և այլն
– հասկանալ, թե ինչպես է աշխատում փողն ու շուկայական ինչ մեխանիզմներ են ազդում դրա վրա
– «գլուխ հանել» անսպասելի իրավիճակներից
– պաշտպանվել խարդախներից
– գտնել տեղեկատվություն, տեղյակ լինել տնտեսական իրադարձություններից
– հստակ ձևավորել սեփական նպատակներն ու ցանկալիին հասնելու պլանը
– իմանալ լրացուցիչ գումար վաստակելու ձևերը և ընտրել դրանցից հարմարը
Ֆինանսական կրթվածությունն ազդում է ոչ միայն կապիտալի ձևավորման, այլև կյանքի նկատմամբ վերաբերմունքի վրա, քանի որ դուք․
– անվտանգ եք զգում, չեք վախենում պլաններ կառուցել և առաջ ընթանալ
– զարգացնում եք կարգապահությունը
– բարձրացնում ենք ինքնագնահատականն ու կարգավիճակը այլ մարդկանց աչքերում
– խնդիրներն ու ճգնաժամային իրավիճակները վերածում եք նոր հնարավորությունների
Ֆինանսապես կրթված մարդիկ լուրջ են վերաբերվում կենցաղային գործընթացների կազմակերպմանը․
– կազմում են բյուջե՝ հստակ իմանալով եկամուտների աղբյուրները, ծախսերն ու միջոցների ծավալը
– գիտակցաբար են վերաբերվում սպառմանն ու գնումներին՝ կազմում են ցուցակ խանութ գնալու համար, հետևում են սակագներին և բաժանորդագրություններին, խուսափում են իմպուլսիվ ծախսերից, պլանավորում են նվերները
– օգուտ են ստանում բանկային պրոդուկտներից (քեշբեք, վարկային քարտ, բոնուս), խանութների զեղչերից և առաքման ծառայություններից
Բացի այդ, զարգանում է միջոցներ խնայելու և բազմապատկելու, «անվտանգության բարձիկը»՝ այսինքն փողի պաշար ստեղծելու ունակությունը, որին հնարավոր է «հենվել» անկանխատեսելի իրավիճակի դեպքում, հնարավոր է պաշտպանել խնայողությունները գնաճի ազդեցությունից, ունենալ եկամուտի մի քանի աղբյուր։
Արժանապատիվ կապիտալը, որը ծածկում է ոչ միայն հիմնական կարիքները, ձևավորվում է ոչ թե սահմանափակումներից, այլ լրացուցիչ հնարավորություններից։ Դրանցից մեկը ներդրումներն են, որոնք տանում են կայուն և խոշոր շահույթի։ Ֆինանսական կրթվածության սկզբունքներին հետևող մարդու համար այդ ոլորտում փորձի բացակայությունը չի դառնա խոչընդոտ։ Կարոր է սահմանել անհատական պլան՝ կախված նպատակներից։
Գրագետ պոտենցիալ ներդրողը կարողանում է հստակ ձևակերպել ցանկալի արդյունքը՝ հասկանալով, թե կոնկրետ ինչի է ուզում հասնել և ինչ ժամկետներում: Հաջորդը, պետք է կողմնորոշվել գործիքների հարցում, գնահատել դրանց հնարավոր շահութաբերությունը և վերլուծել սեփական հնարավորությունները: Դա անելու համար հարկավոր են գիտելիքներ տնտեսագիտության ոլորտում կամ գոնե թեման հասկանալու ցանկություն:
Մենք չենք խորանա հաշվարկների մեջ, բայց կասենք, որ պարզ բանաձևերը թույլ են տալիս համեմատել դեպոզիտների եկամտաբերությունը տարբեր պայմաններում, իմանալ արտադրության նվազագույն շահութաբերությունը, հաշվի առնել գնաճի ազդեցությունը և այլն։ Ճիշտ հարցման դեպքում տեղեկատվությունն ու օրինակները կարելի է արագ գտնել բաց աղբյուրներում:
Ֆինանսական կրթվածությունը թույլ է տալիս հասկանալ, որ ակտիվներ ընտրելիս կարևոր է վերլուծել, այդ թվում՝ թողարկողի գործունեությունը: Մոտեցման գիտակցումը ցույց է տալիս ներդրողի պատրաստվածության աստիճանի տարբերությունը, նույնիսկ եթե խոսքը շուկայի անփորձ մասնակիցների մասին է։ Մարդը, ով սովոր է գնահատել իրավիճակը, կծանոթանա ընկերության վարկանիշերին բորսաների և կարգավորող մարմինների կայքերում, կծանոթանա փաստաթղթերի ցուցանիշներին և բաժնետոմսերի ընթացիկ գնանշումներին:
Ֆինանսների ոլորտում բավարար իրազեկվածության դեպքում ներդրողը չի շփոթում առևտրային հարթակների տեսակները։ Դա կարևոր է, քանի որ ֆոնդային, ապրանքային և արժութային բորսաները տարբեր կերպ են գործում: Ֆյուչերսներով և օպցիոններով գործարքներն անցկացվում են ածանցյալ գործիքների շուկայում։ Կա առանձին Forex հարթակ: Ամեն տեղ կան կանոններ, առավելություններ ու «թակարդներ»:
Պորտֆելի կառուցման նկատմամբ մտածված մոտեցումը նաև նախատեսում է, որ դուք գնահատում եք տարբեր գործիքների ռիսկայնությունը և գիտակցում եք, թե որքան եք պատրաստված դրան: Ներդրողը, ով չի հասկանում շուկայի հիմնական սկզբունքները, բախվում է մի շարք սպառնալիքների հետ: Այսպես, նա կարող է վախենալ կորուստներից և սահմանափակվել՝ ընտրելով միայն մեկ կոնսերվատիվ ակտիվ։ Դրա պատճառով նվազում է պորտֆելի ընդհանուր եկամտաբերությունը և դիվերսիֆիկացիայի սկզբունքը չի պահպանվում։ Դա միայն մեծացնում է ռիսկերը:
Կարող է պատահել, որ ներդրողը հաշվի չառնի պոտենցիալ շահութաբերության և կորուստների հավանականության գծային կապը՝ ձգտելով արագ գումար վաստակել և անխտիր ներդրում կատարի ամենաանվստահելի ակտիվներում՝ հետևելով շուկայում արհեստականորեն ստեղծված միտումներին և խոշոր գործարքներ կկատարի առանց հասկանալու մեխանիզմները։
Կամ նա կարող է ընդհանրապես հրաժարվել ներդրումներ կատարելուց, քանի որ չգիտի ռիսկերը նվազեցնելու բազմազան հնարավորությունների և մեթոդների մասին:
Ներդրողը պետք է որոշի ոչ միայն ինչ և ումից գնել, այլև ինչպես մտնել շուկա։ Դրա համար անհրաժեշտ է ընտրել բրոքերային ընկերություն, այդ հարցում ևս օգնում է ֆինանսական կրթվածությունը։ Անձնական պատասխանատվություն դրսևորելու և չափանիշները հասկանալու պատրաստակամությունը թույլ կտա գտնել շահավետ պայմաններով վստահելի լիցենզավորված միջնորդ:
Մարդը, ով սովոր չէ տեղեկատվություն փնտրել, կարդալ և կատարել հիմնական նախապատրաստական հաշվարկներ, ամենայն հավանականությամբ կգնա ամենապարզ ճանապարհով. կդիմի առաջին պատահած ընկերությանը, կհետևի գովազդային առաջարկներին կամ ծանոթների խորհուրդներին, որոնք ոչ միշտ չէ, որ մասնագետներ են: Դա կարող է հանգեցնել ավելորդ ծախսերի մեծ միջնորդավճարների պատճառով, իսկ վատագույն դեպքում ներդրողը կարող է հայտնվել խաբեբաների ծուղակում։
Գրագետ ներդրողն իր հերթին բնութագրվում է վստահությամբ, բայց բոլորովին չի բացառում ռիսկերը, այլ ձգտում է կանխատեսել դրանք և ծանոթանալ շուկայի մասնակիցներին պաշտպանող մեխանիզմներին։ Ռացիոնալ հարցեր է տալիս. «Ի՞նչ իրավունքներ ունեմ ես: Ո՞ր կազմակերպություններն են ապահովում դրանց անձեռնմխելիությունը: Ի՞նչ կլինի, եթե թողարկողը կամ առևտրային հարթակը չկատարի իր պարտավորությունները»: Դրանց պատասխանը տալիս է գիտելիքը տնտեսագիտության, ֆինանսների և ներդրումների ոլորտում։
Կշռադատված և ճիշտ որոշումները ծնվում են պատրաստվածության շնորհիվ։ Զարգացնելով ֆինանսական կրթվածությունը՝ դուք ձեռք եք բերում գնահատելու և պլանավորելու սովորություն։ Ուստի ներդրումային գործընթացը ևս խորթ չի թվա և ժամանակի ընթացքում կդառնա փող աշխատելու արդյունավետ միջոց։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: