Միլիարդատեր Ուորեն Բաֆեթ․ ռազմավա՞ր, կանխատե՞ս, թե՞ հաջողակ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այժմ անհերքելի է թվում այն փաստը, որ Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է։ Ակնհայտ է, որ այս կարգավիճակը երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Մեր հոդվածում կպատմենք, թե ինչպես է ձևավորվել Բաֆեթի անհատականությունը և կվերլուծենք նրա ներդրումային մոտեցումը:
Ինչի՞ց է սկսվել հռչակավոր ձեռներեցի ուղին
Ուորեն Բաֆեթը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 30-ին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Նրա հայրը՝ Հովարդը, մեծ հաջողությունների է հասել թրեյդինգում։ Հետևաբար, Ուորենը, ով մանկուց տեսել էր գործարարի օրինակը, շուկայում գործարքներ կատարելն ընկալում էր որպես սովորական գործունեություն։
Բաֆեթի առաջին ներդրումների մասին լեգենդար պատմություններ կան։ Օրինակ՝ պատմությունն այն մասին, թե ինչպես վեց տարեկանում նա գրպանի փողով վեց բանկա գազավորված ըմպելիք գնեց՝ յուրաքանչյուրը 25 ցենտով, և կրկնակի թանկ գնով վաճառեց իր հարազատներին: Մեկ այլ պատմություն է բաժնետոմսերի առաջին գնումը 11 տարեկանում, Բաֆեթը դա արեց հայրիկից պարտքով վերցրած փողով և վաճառեց բաժնետոմսերը՝ հինգ դոլար շահույթով:
Բաֆեթը երբեք չի խուսափել աշխատանքից։ 13 տարեկանում նա առավոտյան թերթեր էր բաժանում, հարկեր վճարում և բավական գումար վաստակելով՝ 40 ակր հող է գնում՝ ֆերմերներին վարձակալությամբ հանձնելու համար։ 50-ականների սկզբին Ուորենը բակալավրի կոչում ստացավ Նեբրասկայում և ուսումը շարունակեց Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում։
Բաֆեթն այնուհետև 1950-1956 թվականներին աշխատել է հոր ընկերությունում՝ որպես միջին օղակի մենեջեր, իսկ 22 տարեկանում բացել է ներդրումներին նվիրված սեփական դասընթացները։ Ուորենի առաջին ներդրումը Geiko ընկերությունում էր, որը զբաղվում էր ավտոմեքենաների ապահովագրությամբ: Ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ընկերության տնօրեններից մեկը Կոլումբիայից դասախոս Բենջամին Գրեհեմն էր։ Հաշվի առնելով վերջինիս սեմինարները՝ Բաֆեթը ձևավորում էր իր մոտեցումը ֆինանսների նկատմամբ:
1956թ․–ին սկսնակ ձեռներեցը բացեց Buffet Partnershop Itd․ ընկերությունը: Ունենալով 150 հազար դոլար կապիտալ՝ նա որոշեց պահպանել միջոցները, փողերի մեծ մասը ներդրեցին հարազատները։
1962թ․–ին Բաֆեթը գնեց տեքստիլ ընկերություն, որը փլուզվում էր ճգնաժամի պատճառով, դարձավ տնօրեն և բաժնետոմսերի կեսի սեփականատերը։ Ընկերությունը կցելով Buffet Partnershop Itd.–ին՝ նա փոխեց բիզնեսի ուղղվածությունը։ Տեքստիլի արտադրության փոխարեն ընկերությունը զբաղվեց արժեթղթերի գնմամբ և ավելացրեց եկամուտները։ Ընկերությունը կոչվում էր Berkshire Hathaway։
70–80–ականներին Բաֆեթը, օգտվելով գների ճգնաժամային անկմամբ, շահույթով գնում էր Washington Post–ի, Mcdonalds–ի, Walt Disney–ի, General–ի, American Express–ի, Gillette–ի բաժնետոմսերը։ 20–րդ դարի վերջին Berkshire Hathaway–ը վերածվեց սուպերհոլդինգի։ 2008թ․–ին Բաֆեթը, ըստ Forbes–ի, ճանաչվեց մոլորակի ամենահարուստ մարդը։
Ո՞րն է Բաֆեթի հաջողության գաղտնիքը
Ձեռնարկատիրոջ հաջողությունը մեծապես բացատրվում է բիզնեսի, վաստակած գումարի և մարդկանց նկատմամբ նրա վերաբերմունքով։
Բաֆեթի համար փողը երբեք ինքնանպատակ չէր: Նրա կարծիքով՝ պետք է առաջին հերթին մտածել գործի մասին, որով նախատեսում ես զբաղվել, ընթացքի ու ինքնազարգացման հնարավորությունների մասին։
Ուորեն Բաֆեթը բիզնեսմենի համար աքսիոմ է համարում հետևյալ սկզբունքը՝ «աշխատած առաջին գումարը չծախսել, այլ ներդնել գործի զարգացման մեջ»։ Նա խորհուրդ է տալիս նմանատիպ մոտեցում ցուցաբերել նաև անձնական ֆինանսների հարցում։
– Երբ ավել գումար ունեք, բայց չունեք կոնկրետ ֆինանսական նպատակներ, սկսեք խնայել,- խորհուրդ է տալիս ձեռնարկատերը։ Բաֆեթը վստահ է, որ բոլորը կարող են խնայել՝ իրենց մշտական եկամտի 10-20 տոկոսը և ավելորդ եկամտի կեսը։
–Ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար, անկախ նրանից՝ վարում եք ձեր սեփական բիզնեսը, թե ոչ, պետք է զբաղվել ֆինանսական պլանավորմամբ,- կարծում է գործարարը։
Բաֆեթը հայտնի է որպես խնայող ձեռնարկատեր և մարդ: Նա չէր վախենում, որ մյուս ներդրողներն իրեն չեն հասկանա և անհրաժեշտության դեպքում գնում էր ոչ հանրաճանաչ և էժան բաժնետոմսեր։ Չնայած իր հարստությանը, Բաֆեթը չի ձգտում շքեղ կյանքի, նա չունի հսկայական առանձնատներ և զբոսանավեր։
Ձեռնարկատերն ասում էր, որ պետք է սեփական ուժերն ուղղել ոչ թե կոնկրետ փող աշխատելուն, այլ փող օգտագործել ձեր սիրելիներին ավելի երջանիկ դարձնելու համար։
– Ի՞նչ իմաստ ունի հարստությունը, եթե դուք այն կիսում եք միայն ինքներդ ձեզ հետ։
– Կարևոր է կարողանալ մերժել։ Առանց դրա չի կարելի արդյունավետ կերպով տնօրինել գլխավոր ռեսուրսը՝ ժամանակը։
– Պետք է ընդունել, որ մարդիկ կարող են ունենալ կարծիք, որը կտարբերվի ձեր կարծիքից, բայց պետք է միշտ հավատարիմ մնալ սեփական դիրքորոշմանը։ Մտերիմները կարող են չկիսել ձեր առաջնահերթությունները և նույնիսկ դեմ լինել դրանց։ Սակայն դա չպետք է դառնա խոչընդոտ նպատակի իրագործման ճանապարհին։ Նույնիսկ դանդաղ, բայց պետք է շարունակել շարժվել ընտրած ուղղությամբ։
Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է հաճախ շփվել այն մարդկանց հետ, ում շրջապատում զարգացում եք զգում, ինչ-որ մեկի հետ, ով համեմատաբար ավելի բարձր մակարդակի վրա է, հարգանք է վայելում և մոտիվացնում ձեզ:
Նա բացասաբար է վերաբերվում պարտքերին բիզնեսում՝ դա համարելով առաջին նշանը, որ ներդրողը կբախվի աղքատության հետ։ Փոխառու միջոցների դեպքում ծախսերը կարող են գերազանցել եկամուտը և ոչնչացնել զարգացման հնարավորությունը։
Բաֆեթը կարծում է, որ ցանկացած մարդ, անկախ ֆինանսական վիճակից, այսպես թե այնպես գալիս է այն եզրակացության, որ ամենակարևորն առողջությունն է։
- Կենտրոնացեք դրական հույզերի վրա, ընդունեք հաջող արդյունք գրանցելու ձեր իրավունքը, ֆիքսեք այն, ինչ ձեզ ուրախացնում և մոտիվացնում է։
Անհաջողություններին կառչելն անարդյունավետ է: Կարևոր է հանգստանալ, ընդունել այն փաստը, որ ոչ օպտիմալ քայլ եք կատարել և հասկանալ պատճառները։ Հենց նման մոտեցումը կնվազեցնի ռիսկերն ու սխալներն ապագայում:
– Պետք է ձգտել մեծ վաստակի միայն այն բանի համար, որ դրա միջոցով հնարավոր լինի դրական ազդել հասարակության վրա և օգնել ուրիշներին», - ասում է ձեռնարկատերը: Ընդ որում Բաֆեթը զգալի գումարներ է ուղղում բարեգործությանը։
Ներդրումների «գաղտնիքները»
Թեև Բաֆեթը հայտնի է որպես անհավանական ինտուիցիա ունեցող մարդ, իրականում նրա որոշումները հիմնված են հստակ ծրագրված ռազմավարության վրա։ Նա ներդրումներ է կատարել լուրջ նախագծերով զբաղվող ընկերություններում՝ անկախ շուկայում դրանց ճանաչվածությանը։ Բաֆեթի մոտեցումն է՝ կատարել կանոնավոր գործարքներ երկար տարիների ընթացքում և ստանալ կայուն եկամուտ։
Ներդրողը չի հետևել միտումներին, քանի դեռ չի համոզվել, որ դրանք հիմնավոր են։ Դա հնարավորություն էր տալիս նվազեցնել ոչ միայն ռիսկերը, այլև ծախսերը։ Օրինակ՝ Բաֆեթը Apple-ում ներդրումներ կատարեց ընկերության ճանաչվածության գագաթնակետից ընդամենը մի քանի տարի անց, երբ արժեթղթերի գինը զգալիորեն նվազել էր։ Նա հայտնի է որպես բավականին պահպանողական դերակատար, բայց ոչ թե ռիսկերի վախի, այլ ընկերության գործունեությունը ամբողջությամբ ուսումնասիրելու և ակտիվների դինամիկան վերլուծելու ցանկության պատճառով:
Բաֆեթը խորհուրդ է տալիս ընտրել թողարկողների, որոնց նպատակներն ու պրոդուկտը վստահություն և հարգանք են ներշնչում՝ ուշադրություն դարձնելով առաջին հերթին առաջատար ընկերություններին։ Ներդրողը համարում է, որ ամենահուսալի և եկամտաբերը միջազգային շուկայում ներդրում կատարելն է։
Ուորեն Բաֆեթը երբեք չի վախեցել ռիսկի դիմելուց, ձգտում էր արագ արձագանքել և որոշումներ կայացնել, որոնք երբեմն նույնիսկ մերժվել են իր գործընկերների կողմից:
-Խոհեմ վերաբերվեք այս սկզբունքին: Նոր բան սովորելիս մի վախեցեք ռիսկից և անհարմարությունից, մի կասկածեք սեփական ունակությունների վրա, բայց միշտ հիշեք՝ կարևորը ոչ այնքան քայլերի արագությունն է, որքան ճշգրտությունը,- սիրում էր կրկնել Բաֆեթը: Ռիսկի դիմելով՝ նա հասկացավ, թե ինչ է անում և ինչու։ Բաֆեթը նշել է, որ մոտեցումը ներդրումների, ինչպես նաև այլ ոլորտներում գործունեության հարցում անհատական է։
Միաժամանակ նա կոչ է անում իրատեսորեն գնահատել իրավիճակը և, տեսնելով գործունեության անհեռանկարայնությունը՝ հրաժարվել դրանից։
– Եթե դու սուզվում ես անցք ունեցող նավակի մեջ, ապա շատ ավելի արդյունավետ կլինի գտնել նոր լողացող սարք, քան ժամանակ ու ջանք վատնել անցքերը կարկատելու վրա։
Ձեռնարկատերը գնել է ընկերություններ, որոնք ճանաչվել են հուսալի, բայց դժվարություններ են ունեցել՝ կապված ժամանակավոր փոփոխությունների հետ: Այդ ժամանակ մյուս մասնակիցների հետաքրքրության նվազման պատճառով այդ ընկերությունների արժեթղթերի գինը նվազում էր։
Ակտիվներ ընտրելիս Բաֆեթը չի սահմանափակվել միայն ֆոնդային շուկայով և նույնիսկ առաջնահերթություն չի տվել դրան։ Գործարարը ներդրումների համար ընտրել է այն ուղղությունները, որտեղ մյուսները, նրա կարծիքով, անհեռատեսություն են ցուցաբերել։ Կարելի է ասել, որ Բաֆեթի հաջողությունը հիմնված է ծրագրված ռիսկի վրա՝ նա խուսափում էր ուրիշների սխալներից՝ հասկանալով դրանց էությունը։
Բաֆեթը գնահատում է ոչ թե ընդհանուր տնտեսության վիճակը, այլ կոնկրետ ընկերությունների գործունեությունը և ընտրում այն ընկերությունները, որոնք կարող են ճգնաժամի պայմաններում շահույթ բերել, նույնիսկ ոչ ամենաբարձր։ Նա ներդրողներին խորհուրդ է տալիս առաջին հերթին հասկանալ շուկայական գներն ու դրանց ձևավորման բնույթը։
- Ներդրողները պետք է վստահ լինեն, որ շահույթը, որը կբերեն ակտիվները ապագայում, կգերազանցի բաժնետոմսերի կամ ընկերությունների ձեռքբերման ծախսերը:
Բաֆեթի հաջողության հասնելու գործոններից մեկը ներդրումների հոգեբանության իմացությունն է: Նա հասկանում էր, որ ոչ ռացիոնալ և սխալ քայլերի հիմքում հաճախ ընկած են վարքագծային ասպեկտները։
- Չափից շատ ինքնավստահություն. ներդրողները հակված են մեկնաբանել իրադարձությունները՝ հիմնվելով իրենց հուզական ռեակցիաների վրա: Օրինակ, մարդը կարող է մի շարք պատահական իրադարձությունները համարել օրինաչափ կամ հիմնվել անցյալի փաստերի վրա՝ մոռանալով հանգամանքների տարբերության մասին:
– Հիպերռեակցիայի ասիմետրիկությունը։ Մեր ընկալման մեջ բացասական տեղեկատվությունը հաճախ ավելի հստակ է ֆիքսվում, քան դրականը: Դրա պատճառով ներդրողները միայն մակերեսորեն են վերլուծում ընկերությունների գործունեությունը և հրաժարվում եկամտաբեր ներդրումներից։
– Կորուստները չընդունելու ցանկություն և փողի նկատմամբ երկակի վերաբերմունք. շուկայի մասնակիցները շատ ցավագին են արձագանքում ձախողումներին և դառնում չափազանց պահպանողական: Ներդրողների համար կարևոր է բացասական հույզերը ծածկել դրականով, ուստի նրանք անհիմն ուրախանում են այն եկամտի համար, որը միայն ծածկում է ծախսերը:
Ըստ Բաֆեթի, արդյունավետ կարող է գործել միայն համբերատար և հանգիստ ներդրողը, ով չի հետևում ուրիշներին և հավատում է սեփական ռազմավարությանը։
Եթե Բաֆեթն ընտրել է ընկերություն, ապա այն բնութագրվում է.
- Ազնիվ և պրոֆեսիոնալ կառավարմամբ
- Ընդունելի գնով
- Մեծ և հստակ նշմարվող հեռանկարներով
Ձեռնարկատերն առանձնացնում է երեք հիմնական գործոն, որոնք արժե ուսումնասիրել ընկերությունը վերլուծելիս՝ տնտեսական ցուցանիշներ, գնաճի տոկոսադրույքներ և հարկման ապագա դրույքաչափեր, ղեկավարության վարքագծի թափանցիկություն:
Ներդրողների համար, ովքեր պատրաստ չեն մանրամասն պարզել ընկերությունների գործունեությունը, Բաֆեթը խորհուրդ է տալիս ընտրել ինդեքսային ֆոնդեր ներդրումների համար։ Սա հասկանալի և բավականին շահավետ ճանապարհ է։
Ղեկավար Բաֆեթի երեք գլխավոր սկզբունքները
Կոնկրետ խնդիրներ լուծելիս և գործնական շփումներում դուք պետք է լինեք շիտակ և անկեղծ: Ղեկավարը պետք է տրամադրի հաշվետվություն և ներկայացնի շնորհանդեսներ արդյունքների, ոչ թե կանխատեսումների հիման վրա: Հաջողակ մենեջերի հիմնական հատկանիշները պետք է լինեն աշխուժությունը, ազնվությունը և ինտելեկտը։
Հարաբերությունները թիմում կառուցված են ոչ թե խիստ հիերարխիայի և ենթակայության, այլ փոխադարձ հարգանքի և հարմար մարդկանց ընտրության վրա։
Կառավարիչները վարձատրվում են ոչ թե պաշտոնի, այլ արդյունքներին համապատասխան։
Եվ վերջում, որպես բոնուս, ներկայացնում ենք հաջող ներդրում կատարելու 7 կանոն՝ Ուորեն Բաֆեթից․
- Ներդրում կատարեք հարազատ և հասկանալի ոլորտներում
- Կազմեք ներդրումային պլան։ Այն պետք է գրի առնել։ Դա թույլ կտա վիզուալիզացնել նպատակները և կատարել տեսանելի շտկումներ
- Եղեք ճկուն․ կողմնորոշվեք շուկայի ակտուալ վիճակով և անհրաժեշտության դեպքում թարմացրեք ռազմավարությունը, բայց մի նահանջեք սեփական դիրքերից
- Վերլուծեք ընկերության գործունեությունը՝ ֆինանսական ցուցանիշներ, ղեկավարության բնութագրեր, հաշվետվություն
- Եթե վստահ եք ակտիվի ընտրության հարցում, տնտեսության անկայուն վիճակը չպետք է ձեզ «վախեցնի»։ Ներդրումը նման պայմաններում կարող է ռիսկային թվալ, բայց, որպես ապացուցված ռազմավարություն, այն արդյունավետ է
- Հավատացեք ինքներդ ձեզ, բայց մնացեք իրատես։ Պետք չէ ներդրում կատարել ակնհայտ պարտվողական գործում
- Եթե չեք գտել հարմար ուղղություն, պետք չէ դուրս գալ շուկա։ Ավելի լավ է պահպանել միջոցները։ Խուսափեք հանուն ներդրման ներդրում կատարելուց։