Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին

07.02.2024, 10:10
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից։ Դրա համար պետք է ծանոթանալ շուկայում վերահսկման գործընթացներին և կազմակերպություններին, որոնք վերահսկում են գործարքների թափանցիկությունը: Նման գործառույթները ստանձնում են ֆինանսական կարգավորիչները։ Նրանց դերը կարող են կատարել ինչպես պետական ​​կառույցները, այնպես էլ անկախ ասոցիացիաները:

Ֆինանսական կարգավորիչներ

Կարգավորիչները հետևում են, որպեսզի բրոքերների գործունեությունը համապատասխանի կոնկրետ երկրի օրենսդրությանը և/կամ միջազգային օրենքներին, ինչպես նաև վերահսկում է տեղական և համաշխարհային բորսաներում իրականացվող գործարքները: Նրանք հաստատում են ներդրումային ընկերությունների իրավունքը՝ միանալու ֆինանսական շուկային՝ տրամադրելով լիցենզիա և հետագայում անընդհատ վերլուծում են նրանց գործունեությունը։ Ֆինանսական կարգավորիչները նաև մեխանիզմներ են ստեղծում կոնֆլիկտները լուծելու համար և պաշտպանում են ներդրողների իրավունքները:

Քանի որ երկրների օրենսդրական համակարգերը և շուկաները տարբերվում են, կան կարգավորման մի քանի տեսակներ: Որոշ պետություններում ինչ–որ կազմակերպություն ստանձնում է կարգավորողի գործառույթներ: Հաճախ դա Կենտրոնական բանկն է։

ԱՄՆ-ում, օրինակ, այլ սկզբունք է կիրառվում. Այստեղ արժեթղթերի բորսան առանձնացված է ֆինանսական հատվածից, այդ պատճառով կարգավորմամբ զբաղվում են մի քանի կազմակերպություններ։

Դրանց թվում են․

– Պահուստի դաշնային համակարգը, որը վերահսկում է պետության դրամային քաղաքականությունն ու առևտրային բանկերին, ինչպես նաև արժութային շուկայի որոշ հարցեր

– Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (Securities Exchange Comission, SEC), որն աշխատում է ֆոնդային շուկայում։ Նրա կարգավորման օբյեկտներն են արժեթղթերի թողարկումը, բորսաների և միջնորդների (բրոքերներ, դիլերներ, ֆոնդեր և այլն) գործունեությունը

– Ապրանքային ֆյուչերսների առևտրի պետական հանձնաժողովը (Commodity Futures Trading Committee, CFTC), որը կարգավորում է դերիվատիվների (պայմանագրեր, որոնցով կողմերը կատարում են որոշակի գործողություններ ակտիվի նկատմամբ) շուկան։ 

фридом фин рынок (2).jpg

Ոչ կոմերցիոն կազմակերպություններ

ԱՄՆ–ում ներդրողների իրավունքների պաշտպանության հարցում հիմնական դերը կատարում են ոչ կոմերցիոն կազմակերպությունները։

– Ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորման ծառայությունը (Financial Industry Regulatory Authority, FINRA)։ Սա խոշորագույն անկախ կազմակերպություն է, որը վերահսկում է երկրի բրոքերներին և հետևում է գործարքների թափանցիկությանը։

– Securities Investor Protection Corporation (SIPC)՝ արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների պաշտպանության ոչ առևտրային կորպորացիա։ Այն ֆինանսավորվում է մասնակից բրոքերների հաշվին։

SIPC–ում և FINRA–ում ներառված ընկերությունների սնանկության կամ լիկվիդացման դեպքում հաճախորդները, այդ թվում՝ օտարերկրացիները, ստանում են ներդրումների պաշտպանության երաշխիք։ Դա իրականացվում է կառավարող ընկերության նշանակման կամ միջոցները այլ բրոքերի փոխանցելու միջոցով։

Եվրոպական միությունում արժեթղթերի շուկայի վերահսկությամբ զբաղվում է համընդհանուր կարգավորիչը՝ ESMA–ն (European system of financial supervision)։ Կառավարման հիմնական գործառույթներից է ներդրողների պաշտպանությունն ու նրանց համար լավագույն պայմանների ապահովումը։ Այս նպատակով ստեղծվել են MiFID և MiFID II հրահանգները։ Համաձայն վերջինի, ընկերությունները պետք է դասակարգեն հաճախորդներին, որպեսզի առաջարկեն ծառայություններ և պայմաններ՝ կախված ներդրողի փորձից և առանձնահատկություններից։ Բացի այդ, պետությունների տարածքում գործում են տեղական կարգավորիչներ։ Այսպիսով, բրոքերների վերահսկողության համակարգը կարելի է անվանել երկաստիճան։

Մեծ Բրիտանիայում կարգավորումն իրականացվում է երկու ուղղությամբ։ Բանկային համակարգը վերահսկվում է Անգլիայի բանկի կողմից, ֆինանսական ծառայությունների շուկան՝ Financial Conduct Authority (FCA) վարչության կողմից։ Այն մշակում և ներդնում է ֆինանսական հաստատությունների համար ընդհանուր կանոններ և չափորոշիչներ, իրականացնում է շուկայի մասնակիցների մոնիտորինգ՝ կանխելով խարդախության ռիսկերը։ Ներդրողների պաշտպանության նպատակով վարչությունն աշխատում է նրանց իրազեկվածության և կրթվածության բարձրացման ուղղությամբ։

Հայաստանում կիրառվում է կարգավորման սկզբունք, որի դեպքում վերահսկողական գործառույթները կատարում է մեկ կազմակերպություն՝ Կենտրոնական բանկը։ Վերջինիս պարտավորություններն են ապահովել ներդրողների պաշտպանությունը, գնագոյացման թափանցիկությունը, շուկայի զարգացման կայունությունը և համակարգային ռիսկերի նվազումը։ ՀՀ կենտրոնական բանկը վերահսկում է Արժեթղթերի հայկական բորսան, որը միակն է երկրում։ 2023թ․–ի դեկտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ երկրում ներդրումային ընկերությունների և ֆոնդերի աճող ակտիվության պատճառով կարգավորումը կդառնա ավելի խիստ։

Բրոքերի ստուգումը ձեր անվտանգության բանալին է

Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այն շուկաներում, որոնք խստորեն վերահսկվում են պետական մարմինների և անկախ կազմակերպությունների կողմից, կան բազմաթիվ անբարեխիղճ բրոքերներ։ Նրանք հարմարվում են իրավիճակին և թարմացնում են խարդախ սխեմաները։ Խաբեության հետ բախվող ներդրողը կարող է անվերադարձ կորցնել միջոցները, նույնիսկ այն դեպքերում, երբ հաջողվել է բրոքերներին պատժել։ Այդ պատճառով դառնալով ֆինանսական շուկայի մասնակից՝ պետք է ոչ միայն հույսը դնել կարգավորիչների պաշտպանության վրա, այլև ինքնուրույն պաշտպանվել սպառնալիքներից։

фридом фин рынок (5).jpg

Ինչպես ընտրել հուսալի միջնորդ և պաշտպանվել խաբեբաներից

1․ Անպայման համոզվեք, որ բրոքերն ունի կարգավորչի կողմից տրամադրված գործող լիցենզիա։ Հասկանալով, որ հուսալիությունը ներդրողի համար գլխավոր չափորոշիչներից է՝ ընկերությունները, որպես կանոն, նշում են լիցենզիայի առկայությունը և հրապարակում են այն իրենց կայքում։

Փաստաթղթերի իսկության հարցում համոզվելու համար ստուգեք՝ արդյոք կարգավորիչ մարմինն այդ կազմակերպությունը նշում է՝ որպես լիցենզավորված, թե ոչ։ Օրինակ, Հայաստանում բրոքերական գործունեության պաշտոնական թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը հրապարակված է Հայաստանի կենտրոնական բանկի և Արժեթղթերի հայկական բորսայի կայքերում՝ Trading բաժնում։

Ընկերության լիցենզիայի առկայությունը կարելի է ստուգել նաև ագրեգատոր կայքերի միջոցով, որոնք տվյալներ են հավաքում տարբեր երկրների ռեեստրերից։

2․ Եթե բրոքերը հոլդինգի մաս է, նա պետք է տեղեկություն տրամադրի հիմնական ընկերության մասին։ Ուսումնասիրեք հոլդինգի կայքը և համոզվեք, որ կազմակերպություններն իսկապես իրար հետ կապված են։ 

Այսպես, Հայաստանում բրոքերական ծառայություններ է մատուցում, մասնավորապես, Freedom Broker Armenia–ն, որը ներառված է Freedom Holding Corp. Ամերիկյան հոլդինգում։ Դուստր ընկերության կայքում կա հատուկ բաժին, որտեղ ներկայացված է հիմնական կազմակերպության գործունեությունը։ Այստեղ նաև ներկայացված է տեղեկատվություն պատմության, չափորոշիչների, հասույթի և վարկանիշերի մասին։ Հոլդինգն իր կայքում ևս նշում է, որ Freedom Broker Armenia–ն իր դուստր ընկերությունների ցանկում է։

3․ Հուսալի բրոքերները փորձում են հաճախորդների ուշադրությունը հրավիրել իրենց կարգավիճակի վրա՝ կայքում պատմելով ասոցիացիաներում անդամակցության, խոշոր գործընկերների և նվաճված մրցանակների մասին։

Եթե չեք տեսնում նման տեղեկություն («Գործընկերներ», «Մեր մասին», «Նորություններ» բաժիններում), մտածեք՝ արդյոք արժե ընտրել հենց այդ միջնորդին։ Հնարավոր է՝ ընկերությունը չի առանձնանում լավ համբավով։ Օգտակար կլինի ծանոթանալ վարկանիշերին, որոնք կազմում են խոշոր գործակալություններն ու փորձագետները թեմատիկ կայքերում։

4․ Նախօրոք տեղեկացեք բոլոր միջնորդավճարների մասին, որոնք պահանջում է բրոքերն իր ծառայությունների համար, այդ թվում՝ լրացուցիչ։ Եթե ամբողջական տեղեկություն չեք ստանում սակագների մասին, չեք կարողանում պարզել, թե որքան է հաշիվների սպասարկման արժեքը, չարժե համագործակցել ընկերության հետ։

5․ Իմացեք, թե բրոքերի համար որ շուկաներն են հասանելի։ Հուսալի ընկերություններն աշխատում են կոնկրետ երկրի խոշոր բորսաների հետ և միջազգային հարթակներում։

Խարդախները շուկայում նախկինի պես արդյունավետ օգտագործում են այնպիսի գործիք, ինչպիսին ֆինանսական բուրգն է, որի դասական օրինակը նախատեսում է, որ ընկերությունը չի արտադրում ոչ մի պրոդուկտ և չի իրականացնում տնտեսական գործունեություն, բայց խոստանում է ներդրողներին վճարել բարձր տոկոսներ նոր ներդրողների միջոցներից։ Երբ բուրգին միանալ ցանկացողների հոսքը դադարում է, մասնակիցների մեծ մասը շահույթ չի ստանում և կորցնում է սեփական գումարը:

Ֆինանսական բուրգը կարող է թաքցնել իր սխեման և ներկայանալ որպես ներդրումային ընկերություն, որն առաջարկում է գնել բարձր եկամտաբերությամբ արժեթղթեր կամ կարող է ներկայանալ որպես ֆորեքս–բրոքեր։ Կան մի քանի նշաններ, որոնք բնորոշ են խարդախներին․

– Կարգավորչի լիցենզիայի բացակայություն

– Գործունեության կարճ ժամակահատված, նվազագույն կանոնադրական կապիտալ, մեկ հիմնադիր

– Երաշխավորված գերշահույթի խոստում

– Նախօրոք ներդրումների պահանջ

– Հրապարակված հաշվետվությունների և կանոնադրության բացակայություն

– Գովազդը տարածելու խնդրանք

6․ Անձամբ շփվեք ընկերության ներկայացուցիչների հետ։ Նույնիսկ եթե մենեջերները լավ տպավորություն են թողնում, գնահատեք նրանց հմտությունները՝ տալով տարատեսակ հարցեր և խորանալով մանրամասների մեջ։

7․ Փորձեք դիմել տեխնիկական աջակցության կենտրոնին։ Սովորաբար խարդախները չեն կարողանում ապահովել որակյալ սպասարկում։

8․ Ֆինանսական միջնորդին լիարժեք ստուգելու համար դիմեք իրավաբանական ընկերությունների, որոնք գնահատում են գործընկերների հեղինակությունը, նրանց լիցենզիայի առկայությունն ու իսկությունը։

фридом фин рынок (1).jpg

Եզրահանգում

Ներդրողը կարող է գործարքներ կատարել ինչպես հայրենական, այնպնես էլ օտարերկրյա շուկայում, իսկ դրանց կարգավորումը հաճախ տարբեր է։ Նշանակում է, որ չափազանց կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչ պահանջների պետք է համապատասխանի ձեր բրոքերը, ինչ օրենքներ և կազմակերպություններ պետք է ձեզ պաշտպանեն բիզնեսի համար կործանարար կորուստներից։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–