Վենչուրային կապիտալ. ամենահետաքրքիր ներդրումները
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տեխնոլոգիական ստարտափերի վերելքը միշտ գրավում է լայն լսարանի ուշադրությունը։ Երիտասարդ ծրագրավորողների պատմությունները, որոնք մրցում են կորպորացիաների հետ, երբեմն կինեմատոգրաֆիկ են թվում։ Ստեղծվում է գերշահութաբեր ներդրումային բիզնեսի տպավորություն, և շատ ներդրողներ ցանկանում են դառնալ դրա մի մասը՝ ձևավորելով վենչուրային կապիտալ:
Ինչպե՞ս է աշխատում պոտենցիալ առաջընթաց գրանցող ընկերությունների ֆինանսավորումը: Ո՞ւմ է հարմար ներդրման նման մոդելը։ Որո՞նք են դրա առավելություններն ու թերությունները։ Այս հարցերին կպատասխանենք հոդվածում։
Վենչուրային կապիտալի առանձնահատկությունները
Վենչուրային են ստարտափերում կատարվող ներդրումները, որոնք ունակ են նորարարական ապրանքներ առաջարկել շուկային: Հաճախ նման ընկերություններն աշխատում են ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում (արհեստական բանականություն, գենետիկ ճարտարագիտություն, վերականգնվող էներգիա):
Ստարտափերի հիմնադիրները չեն կարողանում բանկից միջոցներ ստանալ։ Ունենալով միայն մտավոր սեփականություն՝ նրանք վստահելի վարկառուներ չեն համարվում։ Ուստի նախագծի զարգացման միակ ճանապարհը ներդրումներ ներգրավելն է։
Վենչուրային ներդրումները պարունակում են առանձնահատուկ ռիսկեր։ Տասնյակ ընկերություններից հաջողության են հասնում եզակիները, այդ պատճառով ներդրողները միջոցները բաշխում են մի քանի ստարտափերի միջև։ Այդպես նրանք խուսափում են ամբողջ գումարը կորցնելու ռիսկից և մեծացնում են արդյունավետ նախագիծ գտնելու շանսերը։
Ներդրողները պատրաստ են ռիսկի գնալ՝ շահույթ ստանալու ակնկալիքով, երբ խոշոր ընկերությունը կկլանի բիզնեսը կամ ընկերությունն ինքը դուրս կգա բորսա։ Իդեալական սցենար է ներդրում կատարել ստարտափում, որը հետագայում կդառնա «միաեղջյուր», այսինքն՝ կհասնի միլիարդ դոլարի կապիտալիզացիայի։
Ինչպես ընտրել նախագծեր
Ի տարբերություն արդեն հայտնի թողարկողների՝ երիտասարդ ընկերությունները չունենա կայացած և փորձված բիզնես մոդել։ Ըստ այդմ, վերլուծության մոտեցումը պետք է լինի առանձնահատուկ։
Եթե ընկերությունը գտնվում է մեկնարկային փուլում և դեռ շահույթ չի ստանում, ներդրողները հենվում են ոչ թե փաստացի ցուցանիշների, այլ թիմի գնահատականի, գաղափարի և ներուժի վրա։ Այստեղ կարևոր է անձամբ ծանոթանալ հիմնադիրների հետ և քննարկել բիզնեսի մանրամասները (ռազմավարություն, ծառայություն, ֆինանսավորում)։
Հեռանկարային նախագծի նշաններ․
- Լսարանի համար հետաքրքիր ապրանք
- Օպտիմալ բիզնես մոդել
- Եզակի տեխնոլոգիա, որը դժվար է կրկնօրինակել
- Գրագետ թիմ, որը հավատում է իր ստարտափին
Դրանից բացի, անհրաժեշտ է գնահատել նախագծի նախաներդրումային արժեքը ՝ տարբեր մեթոդների օգտագործմամբ՝ կախված իրավիճակից։ Եթե ապրանքն արդեն դուրս է եկել շուկա, կարելի է գնահատել ընկերության ներկա դիրքը՝ վերլուծելով թիմի աշխատանքը տարբեր փուլերում՝ գաղափարի քննարկումից մինչև թողարկում։ Այսպես պարզ կդառնա, թե արդյոք հիմնադիրները հետևում են իրենց սկզբունքներին։
Վենչուրային ներդրումների առավելությունները
- Եթե ընկերությունը մեծ առաջընթաց գրանցի, արժեթղթերի գինը բազմապատիկ կբարձրանա։ Այդ դեպքում բաժնետերերը կարող են վաճառել իրենց մասնաբաժինը և ստանալ մեծ շահույթ՝ բազմակիորեն ծածկելով անհաջող նախագծերի ծախսերը։
– Տեխնոլոգիական բիզնեսը կարող է արագ տարածվել տարբեր տարածաշրջաններում՝ համեմատաբար ցածր ծախսերի դեպքում, իսկ լրացուցիչ ներդրումներն օգնում են արագացնել գործընթացը: Մասշտաբայնության շնորհիվ վենչուրային ստարտափերն ավելի շատ նոր հաճախորդներ են գրավում և մեծացնում են պոտենցիալ շահույթը:
– Վենչուրային կապիտալիստները գնահատում են ոչ միայն նյութական օգուտ ստանալու հնարավորությունը, այլև ներգրավվածությունը նախագծերում, որոնք կարող են փոխել աշխարհը:
Թերությունները
– Վենչուրային ներդրումներն առանձնապես ռիսկային են։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ստարտափերի 70%-ը հաջողություն չի ունենում։ Հիմնականում դա տեղի է ունենում այն պատճառով, որ ապրանքը շուկայում մրցունակ չէ։ Այլ պատճառներից են վատ մարքեթինը, ոչ գրագետ ղեկավարումը կամ ֆինանսական դժվարությունները։
– Ստարտափերին աջակցելը մեծ կապիտալ է պահանջում, քանի որ պետք է միաժամանակ ներդրումներ կատարել բազմաթիվ նախագծերում:
– Ստարտափերում ներդրումները չի կարելի համարել օպտիմալ սկսնակների համար։ Ընկերություն ընտրելու համար պետք է խորը հասկանալ շուկայի առանձնահատկությունները, տարբերել ապրանքի կայուն պահանջարկը «անցողիկ» ընդհանուր հետաքրքրությունից։ Բացի դրանից, վենչուրային կապիտալիստները հաճախ բիզնեսում մասնաբաժին են ստանում, և ընկերության ապագան կախված է նրանց որոշումներից։
– Վենչուրային ներդրումների դեպքում հատկապես դժվար է կանխատեսումներ անել։ Որոշ ստարտափեր արագ են հասնում հաջողության, որոշներին էլ անհրաժեշտ է ժամանակ շուկային հարմարվելու և ճանաչելիություն ձեռք բերելու համար։ Ի վերջո, ընկերությունների մեծ մասը ներդրված միջոցներն ընդհանրապես չեն արդարացնում։
Ով է զբաղվում վենչուրային ներդրումներով
Բիզնես հրեշտակներ. հարուստ ձեռներեցներ, ովքեր ֆինանսավորում են վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական նախագծեր:
Հիմնադրամ․ կազմակերպություն, որը միավորում է առանձին ներդրողների միջոցները: Այն կարող է լինել կորպորատիվ: Այդ դեպքում, ի տարբերություն առանձին վենչուրային հիմնադրամի, ներդրողները բազմաթիվ անհատներ և ընկերություններ չեն, այլ մեկ կորպորացիա։
Ինչպես ներդնել ստարտափում
Տարածված միջոց է ներդրումներ կատարել վենչուրային հիմնադրամի միջոցով: Այն ենթադրում է ավելի քիչ ծախսեր՝ համեմատած առանձին արժեթղթերի գնման հետ, բայց անհրաժեշտ կլինի միջնորդավճար վճարել կառավարիչներին: Նշենք, որ որոշ երկրներում նման ներդրումը համարվում է բարձր ռիսկային, և, հետևաբար, հիմնադրամների մուտքը բաց է միայն շուկայի որակավորված մասնակիցների համար:
Կարելի է ինքնուրույն գնել բաժնետոմսեր IPO-ի փուլում կամ հանդես գալ որպես բիզնես հրեշտակ: Սրանք տարբերակներ են մեծ կապիտալ և փորձ ունեցող մասնավոր ներդրողների համար:
Հաճախ նախագծի հիմնադիրները ուղղակիորեն դիմում են բարձր կարգավիճակ ունեցող ներդրողներին՝ առաջարկելով միանալ բիզնեսին:
Գոյություն ունեն միջազգային կամ տեղական մակարդակի քրաուդֆանդինգային առցանց հարթակներ: Այստեղ ստարտափերի հիմնադիրները տեղեկատվություն են հրապարակում իրենց մասին և միջոցներ են հավաքում։ Սա լավ միջոց է վենչուրային ներդրումների հետ «ծանոթանալու» և ձեր ուժերը փորձելու համար:
Հարթակների օգնությամբ կարելի է վերլուծել շուկայի իրավիճակը, տեսնել, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում խոշոր ներդրողները և կատարել սեփական ընտրությունը: Crowdfunding-ի առավելություններն են․
- գործարքները տեղի են ունենում առցանց
- պետք չէ միջնորդավճարներ վճարել կառավարիչներին՝ ի տարբերություն հիմնադրամների
- ընկերությունները հրապարակում են հաշվետվություններ, և ներդրողների համար պարզ է, թե որտեղ են ծախսվում իրենց միջոցները
Ստարտափերում ներդրում կատարելու մեկ այլ միջոց է դիմել ներդրողների ակումբ։ Այն բիզնես հրեշտակների միություն է, որոնք փնտրում են ստարտափեր, գնահատում ցուցանիշները և ընտրում օպտիմալ տարբերակներ։ Ներդրողը վճարում է միջնորդավճար, բայց այն ավելի քիչ է, քան հիմնադրամներում։
Ներդրողների ակումբը կարող է կազմակերպել սինդիկատ և համատեղ միջոցներ ներդնել մեկ ստարտափում։ Որպես կառավարիչ հանդես է գալիս փորձառու մասնակից, որն ընտրում է նախագիծն ու համակարգում բոլոր գործընթացները։ Սինդիկատ մուտքի շեմն ավելի ցածր է, քան հիմնադրամում, բայց կան լրացուցիչ գումարներ, օրինակ՝ իրավաբանների ծառայության գումար և մենեջերի տոկոս։
Առանձնացնենք գլխավորը
Վենչուրային ներդրումը տեխնոլոգիական ստարտափերի ֆինանսավորում է, որոնք կարող են առաջընթաց գրանցել։
Ստարտափերում ներդրում կատարելը հատկապես ռիսկային է և ենթադրում է ներդրումների կորուստ նախագծերի մեծամասնությունում։ Միաժամանակ հաջողության հասած ընկերությունները բերում են անհավանական շահույթ։
Վենչուրային ներդրումների համար անհրաժեշտ է մեծ կապիտալ, քանի որ անհրաժեշտ է բաշխել միջոցները մի քանի նախագծերում։ Ստարտափերի զարգացման գործընթացում, որպես կանոն, դրանք պետք է լրացուցիչ ֆինանսավորել։
Այսուհետ բարձր կարգավիճակ ունեցող ներդրողները ևս կարող են ինքնուրույն ընտրել ընկերություններ և վենչուրային հիմնադրամներ։ Սկսնակներն ավելի լավ է ընտրեն քրաուդֆանդինգային հարթակներ կամ դիտարկեն սինդիկացված գործարքները։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: