Ինչ է IPO-ն և արդյոք հնարավոր է դրանից գումար աշխատել
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արժեթղթեր գնելը ներդրումներ կատարելու ամենատարածված միջոցներից է: Հաճախ մարդիկ ցանկանում են ներդրումներ կատարել հայտնի և խոշոր թողարկողների բիզնեսում։ Դա առավել հուսալի և հասկանալի ճանապարհ է։ Այնուամենայնիվ, օրինաչափ է հետևյալ հարցը. հնարավո՞ր է, արդյոք, շուկայում դեբյուտային ընկերությունների արժեթղթեր գնել, դա կտա՞ հավելյալ օգուտ և հնարավորություններ։ Այժմ կպատմենք ընկերության՝ շուկա մուտք գործելու, գործընթացի մասնակիցների և շահույթ ստանալու ուղիների մասին։
Ինչու է IPO-ն շահավետ ընկերությունների համար
Արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը ֆոնդային շուկայում կոչվում է IPO (Initial Public Offering): Այս քայլը կազմակերպությանը թույլ է տալիս ավելացնել կապիտալը՝ ներդրողներից ստացված միջոցների հաշվին և, համապատասխանաբար, ստանալ զարգացման լրացուցիչ խթան: Ինչպես նաև՝
- հանրային առուվաճառքը մեծացնում է արժեթղթերի իրացվելիությունը
- ամենօրյա գնանշումներն օգնում են գնահատել բիզնեսը և համեմատել այլ թողարկողների հետ
- ընդլայնվում է ընկերությանը ծանոթ մարդկանց շրջանակը
- բարձրանում է վստահության մակարդակը ներդրողների շրջանակում
Ինչպես կատարել IPO
Ֆոնդային բորսա դուրս գալու գործընթացը սկսվում է ռազմավարության վերանայմամբ և ներքին «մեխանիզմների» վերակառուցմամբ, որը կարող է տևել մի քանի տարի:
Հաջորդիվ ընկերությանն անհրաժեշտ է գտնել անդերրայթերի՝ միջնորդի, որը կիրականացնի համապարփակ գնահատում, կսահմանի թողարկվելիք բաժնետոմսերի քանակը և առուվաճառքի մեկնարկի ամսաթիվը: Նա նաև օգնում է գրանցել ընկերությունը՝ որպես հանրային, ինչպես նաև թողարկողին ներկայացնում է պոտենցիալ բաժնետերերին։ Նման գործառույթները սովորաբար կատարում է ներդրումային բանկը:
Հաջորդ փուլն ընկերության մասին տեղեկատվությամբ փաստաթղթի հրապարակումն ու գրանցումն է։ Այստեղ նկարագրված են ֆինանսական հաշվետվությունը և բիզնեսի ցուցանիշները, պատմությունը և կառուցվածքը, դիրքը ոլորտում և ռիսկերը:
Այնուհետև թողարկողը գովազդային արշավ է իրականացնում: Դրանից է կախված, թե արդյոք պոտենցիալ գործընկերները՝ մասնավոր ներդրողները և խոշոր կազմակերպությունները, կտեսնեն իրենց միջոցները ներդնելու իմաստ, թե ոչ։
Հաջորդիվ առուվաճառքի կազմակերպիչը որոշում է արժեթղթերի գինը՝ հաշվի առնելով առաջարկն ու պահանջարկը։ Վերջնական փուլը բաժնետոմսերի տեղաբաշխումն է։ Այս պահից սկսած ցանկացած ներդրող կարող է գնել և վաճառել դրանք։
Ինչու են ներդրողները ձգտում մասնակցել առաջնային տեղաբաշխմանը
Քանի որ IPO-ի դեպքում ընկերությունը ստանում է հանրային կարգավիճակ, նշանակում է, որ պարտավոր է ներկայացնել ֆինանսական ցուցանիշները, համապատասխանել կարգավորողի խիստ պահանջներին և շուկայական պայմաններին: Բացի այդ, այն պատասխանատվություն է կրում նոր բաժնետերերի առաջ և որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնի նրանց կարծիքը:
Նման փոփոխությունները դժվարություններ են ստեղծում հենց թողարկողի համար, սակայն որոշակի առավելություններ են տալիս ներդրողին, քանի որ ընկերությունը դառնում է ավելի մրցունակ, հուսալի և բաց: IPO-ից հետո բաժնետերը կարող է վերլուծել բիզնես գործընթացները, հետևել գնանշումներին և պարզել փորձագետների կարծիքը:
Թողարկողներն ու անդերրայթերները կատարում են մանրակրկիտ հաշվարկ` առնվազն տեղաբաշխման առաջին օրը բաժնետոմսերի անկումից խուսափելու համար: Բացի այդ, նրանց շահերից է բխում արժեթղթերի գների իջեցումը հնարավորինս շատ գնորդներ ներգրավելու համար։ Եթե պահանջարկը մեծ է լինում, ապա շուկա մուտք գործելուց անմիջապես հետո գնանշումները սկսում են աճել։ Համապատասխանաբար, ներդրողը կարող է շահույթ ստանալ։
Որքան մեծ է տեղաբաշխման ծավալը, այնքան ցածր է ռիսկը: Այնուամենայնիվ, հավանականությունը, որ արժեքը սկզբնականից ցածր կիջնի, նույնպես պահպանվում է։ Հետևաբար, պետք է միջոցների փոքր մասը հատկացնել IPO-ում ներդրումներ կատարելու համար:
Ինչպես գնել բաժնետոմսեր IPO-ի ընթացքում և ինչին ուշադրություն դարձնել
Սովորաբար արժեթղթեր ձեռք բերելու առաջնահերթ իրավունք ստանում են խոշոր ֆինանսական կազմակերպությունները։ Մասնավոր ներդրողը ևս կարող է մասնակցել IPO-ին՝ սահմանված ժամկետում հայտ ներկայացնելով բրոքերի միջոցով՝ նշելով բաժնետոմսերի գնային միջակայքը և քանակը:
Մասնավոր ներդրողի համար IPO-ում բաժնետոմսեր գնելու ամենահարմար միջոցներից մեկը մասնագիտացված ETF-ներում ներդրումներ կատարելն է։ Դրանք բորսայում շրջանառվող ներդրումային հիմնադրամներն են, որոնք բազմաթիվ ընկերությունների արժեթղթեր են գնում: Սա նվազեցնում է ռիսկերը, վերացնում է թողարկող ընտրելու և այնպիսի հայտ ներկայացնելու անհրաժեշտությունը, որը կարող է չբավարարվել: Այսպիսի մոտեցման դեպքում կարևոր է ժամանակ և ջանք ներդնել եկամտաբեր և հուսալի հիմնադրամ գտնելու համար:
IPO-ից շահույթ ստանալու եղանակներից մեկն այլ ներդրողներից բաժնետոմսեր գնելն է առևտրային օրվա սկզբում և վաճառել վերջում, երբ գնանշումները բարձրանան: Այսպիսի արժեթղթերն ավելի թանկ են, սակայն արժեքային տարբերությունը կոմպենսացնում է ծախսերը և եկամուտ է բերում։ Սակայն երաշխիքներ չկան, որ գնանշումները կաճեն։
IPO-ի փուլում բաժնետոմսեր գնելու որոշում կայացնելիս ուշադիր վերլուծեք ընկերության ֆինանսական ցուցանիշները: Առանցքայիններից մեկը P/E-ն է: Սա ընկերության արժեքի և տարեկան շահույթի հարաբերակցությունն է: Որքան ցածր է Р/Е-ն, այնքան ավելի քիչ տարի կպահանջվի ընկերությունից բիզնեսը փոխհատուցելու համար:
Ընտրության ընթացքում ուշադրություն դարձրեք անդերրայթերի կարգավիճակին և նախապատվությունը տվեք այն թողարկողներին, որոնք աշխատում են խոշոր, հուսալի միջնորդների հետ։
Ուսումնասիրեք թողարկման տվյալները՝ փաստաթուղթը, որը նկարագրում է ընկերության առաջարկը, կարգավիճակը և պլանները: Դա կօգնի հասկանալ, թե ինչպես կօգտագործվեն ներգրավված միջոցները՝ զարգացման կամ պարտքերը մարելու համար։ Ռիսկային քայլ է ներդրումներ անել մի ընկերությունում, որը փորձում է «գոյատևել» բորսա դուրս գալու հաշվին:
Նրբություններ և դժվարություններ
Առաջնային տեղաբաշխման ժամանակ բաժնետոմսերի գնումը կապված է բավականին բարձր ռիսկի հետ, քանի որ գնի արդարությունը դեռ հաստատված չէ, իսկ գնանշումները կարող են անկայուն լինել: Բաժնետոմսերի ծավալը սահմանափակ է, և մասնավոր ներդրողը կարող է դրանք ընդհանրապես չստանալ կամ չստանալ նախատեսված քանակությամբ։
Մասնակցության համար անհրաժեշտ է որոշակի նվազագույն գումար ներդնել։ IPO-ի առաջին օրերին առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գները կարող են շատ բարձր լինել, իսկ նախաշուկային մասնակցությունը, ըստ էության, հասանելի է միայն ֆինանսական կազմակերպություններին:
Հաճախ առաջնային թողարկման ընթացքում արժեթղթեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է որակավորված ներդրողի կարգավիճակ։ Այն ստանում են միայն մասնագիտական գիտելիքներ և ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնակիցները։ Չափանիշները, որոնց պետք է համապատասխանի որակավորված ներդրողը, որոշվում են երկրի օրենսդրությամբ։ Սովորաբար, դրանք ներառում են ավարտված գործարքների և պորտֆելում բաժնետոմսերի նվազագույն շեմ, մասնագիտական կրթություն և ֆինանսական կազմակերպություններում աշխատանքային փորձ ունենալու պահանջ:
Ընկերությունները կարող են ներդնել lock-up կանոն, որը թույլ չի տալիս մի քանի ամիս վաճառել IPO-ում գնված արժեթղթերը։ Դա անհրաժեշտ է գնանշումների փլուզւումից խուսափելու համար։ Lock-up–ը հաճախ տարածվում է մենեջերների, ինսայդերական տեղեկատվություն ունեցող աշխատակիցների և ամենախոշոր բաժնետերերի վրա։ Սակայն մասնավոր ներդրողները ևս պետք է ուշադիր ուսումնասիրեն IPO–ին մասնակցելու պայմանները։
Կարևոր է իմանալ
IPO-ի գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղաբաշխման առաջին օրը արժեթղթեր գնելը կարող է բաժնետերերին օգուտ բերել շահույթի և արտոնությունների տեսքով։ Սակայն մասնավոր ներդրողը պետք է մանրակրկիտ գնահատի նման քայլի նպատակահարմարությունը՝ կենտրոնանալով սեփական ռեսուրսների, հնարավոր դժվարությունների և ռիսկերի վրա:
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: