Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ներդրումներ սպորտի և նորաձևության ոլորտում․ ինչպես էմոցիաները վերածել փողի

01.08.2024, 10:00
Սպորտն ու նորաձևությունն ի՞նչ տեղ են զբաղեցնում ներդրումների աշխարհում
Ներդրումներ սպորտի և նորաձևության ոլորտում․ ինչպես էմոցիաները վերածել փողի

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Սպորտն ու նորաձևությունը բազմաթիվ մարդկանց կյանքում կապված է առօրյայի, ժամանցի և հանգստի հետ։ Մենք հետևում ենք սիրելի թիմերին և հետաքրքիր ապրանքանիշերին, գնում ենք հագուստ և աքսեսուարներ, ընկերների հետ լավ ժամանակ ենք անցկացնում խաղահրապարակում։

Իսկ սպորտն ու նորաձևությունն ի՞նչ տեղ են զբաղեցնում ներդրումների աշխարհում։ Ի՞նչ է դա՝ «խաղալիք՞» հարուստների ձեռքում, բիզնես միայն փորձագետների համա՞ր, թե՞ եկամտի աղբյուր բոլորի համար, ովքեր պատրաստ են «գործից գլուխ հանել»։ Եկեք փնտրենք պատասխանը մեր հոդվածում։

Առաջին հայացքից թվում է, թե սպորտն ու նորաձևությունը ներդրողների սահմանափակ, էլիտար շրջանակի ընտրությունն է։ Խոշոր ընկերությունները և գործարարները գնում են ակումբներ և ֆրանշիզաներ, ստեղծում կայսրություններ, ներդրումներ են կատարում դիզայներական և սպորտային նախագծերում: Ակնհայտ է, որ նման ռազմավարությունները հասանելի չեն մարդկանց մեծամասնությանը: Սակայն սպորտի և նորաձևության շուկայում կան գործիքներ, որոնք հարմար են նաև «սովորական ներդրողին»:

Արժեթղթեր

Որոշ ակումբներ բաժնետոմսեր են թողարկում բորսայում: Նրանք գումար են վաստակում հիմնականում խաղերի հեռարձակումից, հովանավորչական վճարներից, տոմսերի ու ապրանքների վաճառքից։ Հետևաբար, ֆինանսական հաջողությունը ձեռք է բերվում մեդիա գրավչության շնորհիվ և մեծապես կախված է արդյունքներից, պատմությունից և իմիջից: Այս առումով ակումբների կողմից թողարկված բաժնետոմսերի գնանշումները շատ անկայուն են, ինչը մեծացնում է ռիսկայնության աստիճանը։

Նորաձևության շուկայում իր հերթին ամենամեծ ներկայացուցիչներն են «լյուքս» դասի ապրանքներ արտադրող հայտնի ընկերությունները։ Ոլորտը ներառում է հագուստի և զարդերի բազմաթիվ կատեգորիաներ, մեքենաներ և ժամացույցներ, կոսմետիկա և այլն:

2020-ականներին նորաձևության տների բաժնետոմսերը բազմաթիվ անգամ գրանցել են սրընթաց աճ։ Այսպես, 2023 թվականին եվրոպական STOXX 600 ինդեքսը մոտեցել է վերջին 22 տարվա ընթացքում իր ամենաբարձր մակարդակին ՝ Louis Vuitton Moët Hennessy-ի (LVMH) ընկերության ռեկորդային ցուցանիշների շնորհիվ:

Կոնկրետ արտադրողի խնդիրների պատճառով հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել նաև միջին հատվածի ապրանքանիշերի, առցանց խանութների և ֆիզիկական մանրածախ ցանցերի զարգացման մեջ:

фридом

Տեխնոլոգիաներ

Ներդրումների հեռանկարային ուղղություններից են սպորտի և նորաձևության ոլորտներում կիրառվող տեխնոլոգիաները: Ուշադրություն դարձրեք այն ընկերություններին, որոնք մշակում են մեդիա և կոնտենտ հարթակներ, ապրանքներ գնելու համար նախատեսված հավելվածներ:

Խոսելով սպորտի մասին՝ առանձնացնենք նաև պրոֆեսիոնալ վերլուծության համար նախատեսված ծառայությունները։ Դրանք օգտագործում են ակումբների մարզիչները, բուժաշխատողները և սկաուտները, այդ թվում՝ խոշորագույնները։ Շատ հավելվածներ նախատեսված են նաև ոչ պրոֆեսիոնալ մարզիկների և ֆիթնեսի սիրահարների համար: Նրանք օգնում են կազմել մարզական ծրագրեր և սննդակարգ, հետևել ֆիզիկական ցուցանիշներին:

Հավաքածուներ

Սպորտի սիրահարներն ունեն տարբեր իրերի հավաքածուներ՝ սկսած քարտերից, գնդակներից և ինքնագրերից մինչև մարզադաշտերի հին նստարաններն ու եզակի թվային պատկերները (NFT): Ամենահեռանկարային ուղղություններից մեկը սպորտային կոշիկների վերավաճառքն է։ Շուկայի այս հատվածի տարեկան աճը հասնում է 20%-ի։

Նորաձևության հավաքածուները հաճախ բաղկացած են շքեղ ապրանքներից, օրինակ՝ ժամացույցները կամ գինիները և սահմանափակ սերիաների ապրանքները: Իսկ հայտնի ապրանքանիշերի NFT հագուստն ու աքսեսուարները երբեմն նույնիսկ արժեն ավելի շատ, քան իրականը: Օրինակ՝ 2020-ականների սկզբին Gucci Dionysus պայուսակը վաճառվում էր 3400 դոլարով, իսկ նրա էլեկտրոնային կրկնօրինակը՝ 4115 դոլարով։

Ներդրումային նման գործիքն իսկապես կարող է լավ շահույթ բերել: Սակայն հեշտ չէ ինքնուրույն լավ հավաքածու ստեղծել: Օրիգինակ իրեր գտնելու և գնելու համար պետք է զգալ, որ հիմա ունես արժեքավոր իր և կպահպանես այն ապագայում։

Բացի այդ, հավաքածուի իրերը ցածր իրացվելիության ակտիվ են: Բավականին բարդ է հաշվարկել շահավետ վաճառքի պահը։

Թվային ակտիվներ

Թվային ակտիվների միջոցով սպորտի և նորաձևության մեջ ներդրումներ կատարելու գործիքները զարգացման սկզբնական փուլում են: Այսպես, կարելի է հատուկ հարթակում գնել տոկեններ, որոնք առնչվում են ակումբների և խաղացողների շուկայական արժեքին կամ մարզիկների վարկանիշին: Այս ցուցանիշների աճին զուգընթաց ակտիվների գինը բարձրանում է, ինչը նշանակում է, որ ներդրողը կարող է շահույթ ստանալ վաճառքից։

Գոյություն ունի նաև թվային հագուստ՝ իրեր, որոնք գտնվում են թվային տարածքում և տեսանելի են միայն մոնիտորի կամ VR-ի միջոցով (վիրտուալ իրականություն): Մարդիկ հավաքում են վիրտուալ զգեստապահարան և հատուկ ծրագրերի միջոցով պատկերները տեղափոխում իրենց լուսանկարների վրա։

Թվային նորաձևության ներդրումային ներուժը բացահայտվում է շնորհիվ այն բանի, որ տեխնոլոգիան կիրառվում է համակարգչային խաղերի ոլորտում, իսկ դա նշանակալի շուկա է։ Բացի այդ, վիրտուալ իրերի միտումը որոշ չափով աջակցում է էկոլոգիապես մաքուր սպառման հայեցակարգին:

Վիրտուալ իրերի պրակտիկությունն ու ներդրումային ներուժն ակնհայտ չէ։ Բայց իրականում նման տեխնոլոգիան թույլ է տալիս պահպանել ողջամիտ սպառման սկզբունքը։ Վիրտուալ հագուստն օգնում է խուսափել այն իրավիճակից, երբ մարդիկ իրական իրեր են գնում պարզապես հաջող ֆոտոշարքի համար: 

Առանձնացնենք այն ուղղությունները, որոնց զարգացումն ապագայում ապահովում է պոտենցիալ աճ.

Սպորտ

·       Կանանց սպորտ. շատ մարզաձևեր դադարել են լինել բացառապես «տղամարդկանց» մարզաձևեր։ Դա ընդլայնեց պրոֆեսիոնալների (խաղացողներ և թիմեր) և երկրպագուիների սպառողական լսարանը

·       Հատուկ դեղամիջոցներ պրոֆեսիոնալ մարզիկների համար. մեծանում է շուկայի մի ամբողջ հատվածի ներուժը. հայտնվում են խոստումնալից ստարտափեր, խոշոր դեղագործական ընկերություններն աշխատում են նոր ապրանքների վրա

·       Սպորտի «արտահանում» (նոր տեսակների, ձևաչափերի և մրցաշարերի տարածումը) դեպի զարգացող երկրներ

·       Բլոկչեյն տեխնոլոգիաներ․ ակտիվներ ձեռք բերելու հնարավորություն, օրինակ՝ կոլեկցիոն առարկաներ՝ նոր ձևով (տոկենների միջոցով)

фридом

Ֆիթնես

Ֆիթնեսը սպորտի հետ կապված ուղղություն է։ Ֆիթնես ակումբների միջազգային ցանցերը գրավում են հսկայական թվով հաճախորդների և գումար են վաստակում միանգամից մի քանի ուղղությունների զարգացմամբ։ Նրանք վաճառում են քարտեր տարբեր գների սեգմենտներում՝ բյուջետայինից մինչև պրեմիում, բացում են օբյեկտներ նոր վայրերում և թողարկում սեփական ապրանքանիշով ապրանքներ:

Կարելի է ֆիթնեսում ներդրումներ կատարել՝ միանալով ֆրանշիզային: Ներդրողը ստանում է պատրաստի ակումբ, մայր ընկերությունը զբաղվում է մարքեթինգով, իսկ ապրանքանիշի հայտնիությունն ավելացնում է հաճախորդներ ներգրավելու ներուժը: Ֆրանշիզայի տարբերակը հարմար է այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստ են ապահովել զգալի մեկնարկային կապիտալ:

Նորաձևություն

·       Մանրածախ և վարձակալության շուկա։ Հիմա ակտիվորեն զարգանում է second hand–ի հարթակը, քանի որ առաջարկում են իսկական բրենդային հագուստ ցածր գներով և իրականացնում ողջամիտ սպառման գաղափար։

·       Էկոլոգիական հագուստ և աքսեսուարներ: Գնորդներն ավելի հաճախ են ընտրում արտադրողների, որոնք հետևում են կայուն զարգացման սկզբունքներին. ներդնում նոր տեխնոլոգիաներ, բիզնես մոդելում ներառում վերավաճառքը: Եթե ​​ընկերությունները չեն հարմարվում նման պահանջին, նրանք կարող են կորցնել սպառողներին և գործընկերներին

Երկու ոլորտներն էլ ձգտում են էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչի շնորհիվ ընկերությունները կարող են ապրանքներ տրամադրել ամբողջ աշխարհում: Մյուս ընդհանուր միտումը նոր լոգիստիկ շղթաների և արտադրական կետերի ստեղծումն է։ Դա կօգնի հաղթահարել կախվածությունը կոնկրետ տարածաշրջաններից:

фридом

Սպորտում և նորաձևությունում ներդրում կատարելու դրական կողմերը

·       Ակտիվների լայն շրջանակ. կարող եք գնել ոլորտում գործող ընկերությունների բաժնետոմսեր, ներդրումներ կատարել տեխնոլոգիաների զարգացման մեջ, աջակցել սոցիալական նախագծերին և այլն:

·       Ոլորտների հանրաճանաչություն և հեռանկարներ. սպորտը միաժամանակ կապված է առողջական հարցերի, ժամանցի և մասնագիտական ​​կարիերա կառուցելու հետ: Նորաձևությունն ազդում է առօրյա կյանքի և մեդիատարածվածության վրա, միտումներն անընդհատ թարմացվում և շատ արագ տարածվում են։

·       Միջազգային տարածում։

Բացասական կողմեր

·       Սպառողների անկայուն հավատարմություն՝ փոփոխվող միտումների պատճառով:

·       Մեծ մրցակցություն

·       Բարձր անկայունություն՝ արտաքին հանգամանքներից ուժեղ կախվածության պատճառով:

Եզրահանգում

Սպորտը և նորաձևությունը հեռանկարային բիզնես ուղղություններ են, որտեղ կարող են գումար վաստակել ոչ միայն ոլորտի ներկայացուցիչները: Այս ոլորտներում ներդրումների առանձնահատկությունը հուզական և պատահական գործոնների մեծ դերն է: Իրավիճակներ, որոնք ազդում են ընկերությունների և ակումբների իմիջի վրա, կոնկրետ մարդկանց միջև տարաձայնություններ, մարզիկների և դիզայներների անհաջողություններ. այս ամենն անուղղակի կամ ուղղակիորեն ազդում է ձեր ակտիվների արժեքի վրա:

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: