Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

2013թ.–ի տասը առանցքային տնտեսական իրադարձությունները` «ԱՌԿԱ» գործակալության դիտանկյունից

24.12.2013, 16:40
Մինչև 2013թ.–ի ավարտը հաշված օրեր են մնացել, և ժամանակն է ամփոփել արդյունքները։ Քիչ է ասել, թե ընթացիկ տարին հարուստ էր իրադարձություններով,  այն նույնիսկ կարելի է պատմական կոչել։ Այս տարվա քաղաքական իրադարձություններն էին կանխորոշում տնտեսական օրակարգը։ Փետրվարին կայացած նախագահական ընտրությունն ու դրան հաջորդած` Մաքսային միությանը միանալու որոշումը երկրի երկարաժամկետ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական ուղղությունը որոշող գործոն դարձան։

2013թ.–ի տասը առանցքային տնտեսական իրադարձությունները` «ԱՌԿԱ» գործակալության դիտանկյունից
Մինչև 2013թ.–ի ավարտը հաշված օրեր են մնացել, և ժամանակն է ամփոփել արդյունքները։ Քիչ է ասել, թե ընթացիկ տարին հարուստ էր իրադարձություններով,  այն նույնիսկ կարելի է պատմական կոչել։ Այս տարվա քաղաքական իրադարձություններն էին կանխորոշում տնտեսական օրակարգը։ Փետրվարին կայացած նախագահական ընտրությունն ու դրան հաջորդած` Մաքսային միությանը միանալու որոշումը երկրի երկարաժամկետ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական ուղղությունը որոշող գործոն դարձան։

Միաժամանակ պետք է նշել, որ մակրոտնտեսության առումով Հայաստանում ռուսական գազի գների բարձրացման հետևանքով կշարունակի գնաճի ցուցանիշի աճը, որը հաղթահարելով բյուջեում գրանցված 4% (±1,5%) նպատակային միջանցքը` տարեվերջին հասավ 6,5 տոկոս մակարդակի։

Էներգակիրների սակագների աճը նույնպես ՀՆԱ–ի աճի տեմպերի նվազման առանցքային գործոն դարձավ։ Ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հավակնոտ խնդիր առաջադրեց` ՀՆԱ–ի 7 տոկոսանոց աճ ապահովել։ Սակայն կառավարությանը չհաջողվեց կատարել ոչ միայն նախագահի հանձնարարությունը, այլ նաև բյուջետային ցուցանիշները. Էկոնոմիկայի նախարարությունը տարվա արդյունքներով ՀՆԱ–ի 4,4 տոկոսանոց աճ է կանխատեսում։

1.    Սակագների բարձրացում

Հայաստանի համար ռուսական գազի գների առաջիկա բարձրացման մասին խոսակցությունները սկսել էին դեռ նախորդ տարի։ Այդ ժամանակ իշխանությունները հերքում էին այս տեղեկություններն ու ձգձգում մինչև նախագահի ընտրության ու Երևանի Ավագանու խորհրդի ընտրության ավարտը, որոնց հաջորդեց էներգակիրների թանկացման մասին լուրը։

ՀԾԿՀ–ն հունիսի 7-ի նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 1320 հազար դրամի փոխարեն։ Բացի այդ, ՀԾԿՀ–ն որոշում ընդունեց նաև, որ 1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս 25 դրամի փոխարեն։

2.    Գազային համաձայնագրեր

Գազի սակագների թանկացումից հետո «կրքերը» չհանդարտվեցին, այլ հակառակը` նոր թափ առան Հայաստանի` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման կապակցությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերյան այցից հետո երկրների միջև համաձայնագրեր կնքվեցին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման, գազի գնագոյացման ոլորտում, ինչպես նաև կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին։

Առաջին երկու փաստաթղթերի հետ կապված քիչ թե շատ հասկանալի է. դրանք նախատեսում են գազի 30 տոկոսանոց տուրքի վերացում, որի արդյունքում սահմանում սակագինը կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլար` նախկին 270 դոլարի փոխարեն, ինչպես նաև սակագների կայունացում, որոնց տատանումն այսուհետ ուղղակիորեն կապված է ներքին ռուսական գների հետ։

Իսկ ահա ՀՀ կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին համաձայնագիրը մեծ աղմուկ առաջացրեց։ Ինչպես պարզվեց, 156 մլն դոլարով վաճառվող բաժնետոմսերը կուղղվեն Գազպրոմին` կուտակված 300 մլն դոլարի պարտքը մարելու դիմաց, որի մասին նախկինում չէր տեղեկացվել։ Այսպիսով, պարտքի ամբողջ գումարի կեսը վճարում է հայկական կողմը, իսկ պարտքի երկրորդ կեսը դուրս է գրվում ռուս գործընկերոջ կողմից։

Ինչպես պարզաբանեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, 300 մլն դոլարի պարտքը կուտակվել է 2011–2013 թթ.–ին  նախկին գնով (հազար խորանարդ մետրի դիմաց` 180 դոլար, չնայած սակագնի փաստացի բարձրացմանը) գազասպառման դիմաց վճարի մասին ռուսական կողմի հետ պայմանավորվածության հետևանքով։

3. ԱԷԿ–ի արդիականացումը


Հայ–ռուսական բանակցությունների ընթացքում նաև լուծվեց հայկական էներգետիկայի ռազմավարական օբյեկտի` Մեծամորի ԱԷԿ–ի արդիականացման հարցը։ Սեպտեմբերի 3–ին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ «Ռոսատոմի» մասնագետները պայմանավորվածություն են ձեռք բերել հայ փորձագետների հետ համատեղ ջանքերը կենտրոնացնել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։

Ինչպես ավելի ուշ պարզվեց, Ռուսաստանը պատրաստ է այդ նպատակներով վարկ տրամադրել, որի գումարը դեռ չի հնչեցվում։ Սակայն ռուսական Նովովորոնեժում  և ուկրաինական Ռովնոյում արդեն իրականացված նման նախագծերի մոտավոր արժեքը կազմել է շուրջ 160 մլն դոլար։

Բացի այդ, Ռուսաստանը հայտնել է 1000 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման նախագծի արժեքի 35 տոկոսը ֆինանսավորելու պատրաստակամության մասին։

Ըստ որոշ տվյալների, նախագծի ընդհանուր գումարը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար։

4. Ռոսնեֆտը պատրաստ է զբաղվել «Նաիրիտի» արդիականացմամբ  

Հայ–ռուսական համագործակցության ամրապնդումն իր պտուղները տվեց ոչ միայն էներգետիկ, այլ նաև արդյունաբերական ոլորտում։ «Նաիրիտ» քիմիական գործարանի (ձեռնարկությունը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրողն էր) արդիականացման հարցով պատրաստ է զբաղվել «Ռոսնեֆտ» ԲԲԸ–ն։

Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ` դեկտեմբերին հատուկ պատվիրակություն ժամանեց Հայաստան` առկա հնարավորությունները գնահատելու և  հայկական քիմիական գործարանի արդիականացման վերաբերյալ  գործողությունների կոնկրետ ծրագրի մշակման նպատակով։

«Ռոսնեֆտը» նախնական համաձայնություն տվեց «Նաիրիտի» արդիականացման ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվում են «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծում «Ռոսնեֆտի»  մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բութադիենից պատրաստված քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ անցկացրեց։

Միաժամանակ դեռևս անլուծելի է մնում գործարանի 25 մլն դոլարի չափով պարտքերի հետ կապված հարցը։

5. Որոտան ՀԷԿ–ի վաճառքը


2013 թվականի հունիսին ամերիկյան «Contour Global» ընկերությունը հաստատել էր, որ ակտիվորեն բանակցում է ՀՀ կառավարության հետ՝ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ։

Հիդրոէլեկտրակայանի որոտոնյան համալիրը բաղկացած է ՀԷԿ–ի երեք փուլային կասկադից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի տարածքում` Որոտան գետի վրա և օգտագործում են ինչպես գետաբերանի, այնպես էլ վտակների ջրերը։

Ընդհանուր սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրանքը` 1,16 մլրդ կՎտժ։  Կասկադի էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում։

Բացի սեփական պաշարներից, «Contour Global» ընկերությունը մտադիր է միջոցներ ներգրավել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):

Նոյեմբերի 23–ին Վաշինգտոնում անցած հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում ասվել էր, որ ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի Որոտանի ՀԷԿ–երի համալիրում։ Այս ներդրումը Հայաստանի և ԱՄՆ–ի միջև երկկողմ հարաբերությունների պատմության խոշորագույն ներդրումն է։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արդեն նոյեմբերի 27–ին հավանություն տվեց  «Որոտանի ՀԷԿ–երի համալիր» պետական ՓԲԸ–ն ամերիկյան Contour Global ընկերության Contour Global Hidrocaskade դուստր ընկերությանը վաճառելու գործարքին։ Սակայն Էներգետիկայի նախարարությունից գործարքի մասին տեղեկատվությունը չեն հաստատում։

6. Եվրապարտատոմսերի առաջին թողարկումը

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6.25 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc.

Հատկանշական է, որ Standard Bank–ի զարգացող շուկաների վերլուծաբան Թիմ Էշը Հայաստանի դոլարային պարտատոմսերին «Քարդաշյան» անվանումը տվեց։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշեց եվրապարտատոմսերի թողարկումից ստացած 450 մլն դոլարն ուղարկել 500 մլն դոլար ռուսական կայունացող վարկի վաղաժամ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։

7. «Արմավիայի» սնանկացումը և ավիաշուկայի ազատականացումը

2013թ.–ը շրջադարձալի դարձավ նաև ավիացիայի ոլորտի համար. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ապրիլի մեկից թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որոշում  ընդունեց։ Դեռևս հունիսի 6–ին, երբ հասարակայնությունն արդեն «մարսել էր» ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սնանկության մասին տեղեկությունը, Հայաստանի կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը։ Ռազմավարությունը նախատեսում է առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

Սակայն ռազմավարության ընդունումն իրավիճակը չհարթեց` ժամանակ առ ժամանակ խոսվում էր, թե շուտով ազգային ավիաընկերության ընտրության մրցույթ կհայտարարվի, իսկ Հանրային խորհրդում քննարկվում էր «Արմավիայի» «առողջացման» և Հայաստանում ազգային ավիափոխադրողի կարգավիճակի պահպանման նպատակով պետական ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցը։

Իրավիճակը զգալիորեն բարդացնում էր ավիափոխադրումների ոլորտի զարգացման գործողությունների հստակ պլանի և պետական հայեցակարգի բացակայությունը, ինչի մշակման նպատակով անցկացվեց McKinsey–ի ուսումնասիրությունը։

Այդ հետազոտության արդյունքը «բաց երկնքի» քաղաքականության մասին հայտարարությունն էր, այլ խոսքով` ավիափոխադրումների շուկայի ամբողջական ազատականացումը։ Ավիացիայի ոլորտի ազատականացման շրջանակում մինչ օրս գործող բոլոր հնարավոր սահմանափակումներն առավելապես կրճատվում են։ Բազմակողմանի ազատությունները տրամադրվում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ավիաընկերություններին։

«Բաց երկնքի» քաղաքականությունը Հայաստանում ենթադրում է մի շարք հավակնոտ խնդիրների լուծում` ՀՆԱ տարեկան 1.5 տոկոսի հավելաճի ապահովում ($0,3-0, 4 մլրդ),  18-23 հազար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում օդային փոխադրումների և զբոսաշրջության ոլորտում և, վերջապես, տոմսերի գների նվազում` 10-50 տոկոսով։

8. Առաջին ԱՏԳ–ի բացումը


Ընթացիկ տարվա օգոստոսի 1–ից առաջին ազատ տնտեսական գոտին Հայաստանում սկսեց գործել «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵրՄՄԳԻ) ՓԲԸ-ի տարածքում։

ԱՏԳ–ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել օգոստոսի 27–ին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ։

2013թ.–ի հուլիսի 18–ի ՀՀ կառավարության որոշմամբ Առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դարձավ «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ–ն։ ԱՏԳ–ն ունի 55799 քմ արդյունաբերական–տնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք։

ԱՏԳ–ի տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ  ինժեներիայի, դեղագործության և կենսատեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցությունների, տեխնոլոգիական սարքերի, նախագծման և համակարգերի ու նյութերի արտադրության ոլորտներում։

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտներն ազատված են ԱԱՀ–ից, ներկրման և արտահանման մաքսային տուրքերից, շահույթի հարկից և գույքահարկից։ Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաև հետևյալ արտոնություններից` արժութային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենդների ազատ տեղափոխում։

9. Հայկական շուկայում Carrefour–ի ներկայացման վերաբերյալ բանակցությունները


Հայկական շուկայում Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի ստեղծման հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում։ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ հայկական ծագումով ռուս գործարար, Dalma Garden Mall–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը (Forbes–ի վարկանիշում 353–րդ տեղ) դադարեցրել է Carrefour հիպերմարկետների հայտնի ֆրանսիական ցանցի հետ պայմանագրի գործողությունը։

Ըստ որոշ տվյալների` գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։

Ինչպես պարզաբանել են Էկոնոմիկայի նախարարությունից, Dalma Garden Mall–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն առավել շահավետ է համարել հարթակ հատկացնել ոչ միայն մեկ, այլ մի քանի ոչ մեծ ընկերություններին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։

Տարեվերջին մոտ պարզ դարձավ, որ Carrefour–ի ղեկավարությունը դեռևս շարունակում է բանակցել հայկական շուկա դուրս գալու վերաբերյալ և տվյալ պահին քննարկվում է ցանցի համար հարթակներ տրամադրելու հարցը։

10. Կենսաթոշակային ֆոնդերի  կառավարիչների ընտրությունը


Հայաստանում քայլեր են ձեռնարկվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման ուղղությամբ, որը կներմուծվի 2014թ.–ի հունվարի 1–ից։ Ինչպես կարծում են փորձագետները, երկրում կենսաթոշակային ֆոնդերի առկայությունը թույլ կտա պոտենցիալ աղբյուր գտնել «երկար փողերի» համար և նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը։ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ապագա ղեկավարների մասին առաջին տեղեկատվությունը հրապարակվել է նոյեմբերի վերջին, երբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ ֆրանսիական «Amundi»–ին և գերմանական «Talanx»–ն իրենց վրա կվերցնեն կառավարիչ ընկերությունների գործողությունները։

Սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, «Talanx Asset Management GmbH»–ն կառավարիչ ընկերությունում ունի միայն 25,1 տոկոսի մասնաբաժին, իսկ 74,9 տոկոսը պատկանում է «С- QUADRAT Investment AG» ավստրիական ընկերությանը։

Ըստ «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» ընկերության կենսաթոշակային ֆոնդը կառավարող խորհրդի անդամ Կոնրադ Կարների, ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային ավանդների նվազագույն եկամտաբերությունը կգերազանցի գնաճի մակարդակը։

Ըստ ՀՀ օրենսդրության,կենսաթոշակային ֆոնդերի 60 տոկոսը պետք է ներդրվի հայկական դրամով արտահայտված արժեթղթերում։  Ակտիվների մնացած 40 տոկոսը ֆոնդերի կառավարիչները պարտավոր են ներդնել արտարժույթով արտահայտված արժեթղթերում։

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներմուծման շրջանակում` 2014թ.–ի հունվարի 1–ից յուրաքանչյուր կառավարիչ ընկերություն Հայաստանում կձևավորի երեք կենսաթոշակային ֆոնդ` կայուն, կոնսերվատիվ և հավասարակշիռ եկամտաբերությամբ։

«Կայուն» հիմնադրամի միջոցների 100 տոկոսը կներդրվեն պարտքային գործիքներում, մասնավորապես, բանկային ավանդներում, պետպարտատոմսերում։ «Պահպանողական» հիմնադրամի շրջանակներում ապագա կենսաթոշակառուի միջոցների շրջանակներում միջոցների 75 տոկոսը կներդրվի պարտքային գործիքներում, իսկ 25 տոկոսը` բաժնեմասային արժեթղթերում։ «Հավասարակշռված» հիմնադրամը ենթադրում է պարտքային և բաժնեմասային հավասար հարաբերակցություն` 50/50։ –0–