Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. 13–րդ վարչապետի թիմը

05.05.2014, 12:39
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն ավարտել է նոր` թվով 13–րդ կառավարության ձևավորման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 13–ին` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը։ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փոխարինեց ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանին։
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. 13–րդ վարչապետի թիմը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն ավարտել է նոր` թվով 13–րդ կառավարության ձևավորման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 13–ին` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը։ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փոխարինեց ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանին։

Հայաստանի նոր կառավարությունն ունի հետևյալ տեսքը`

Վարչապետ Հովիկ Աբրահամյան (ՀՀԿ),

Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյան (ՀՀԿ),

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյան (անկուսակցական),

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան (անկուսակցական),

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան (անկուսակցական),

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան (ՀՀԿ),

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան (անկուսակցական),

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան (անկուսակցական),

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան (անկուսակցական),

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան (անկուսակցական),

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան (անկուսակցական),

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան (ՀՀԿ),

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան (ՀՀԿ),

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան (ՀՀԿ),

ՀՀ մշակույթի նախարար (անկուսակցական),

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան (անկուսակցական),

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան (ՀՀԿ),

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան (ՀՀԿ),

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան (անկուսակցական),

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան (անկուսակցական)։

Իրենց պաշտոնները պահպանեցին կառավարության 19 անդամներից ինը` տարածքային կառավարման, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի, տրանսպորտի և կապի նախարարները, ինչպես արտգործնախարարն ու արտակարգ իրավիճակների նախարարը։

Նոր կաբինետի երկու անդամ կառավարություն տեղափոխվեցին Ազգային ժողովից։ Նրանք են` ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով կառավարության աշխատակազմի ղեկավար –նախարարի պաշտոնում փոխարինեց Վաչե Գաբրիելյանին  (նա նշանակվեց վարչապետի խորհրդական) և Կարեն Ճշմարիտյանը, ով նախարարի պաշտոնում փոխարինեց Վահրամ Ավանեսյանին։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Մուրադյանը նշանակվել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի փոխարեն, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը նշանակվել է արդարադատության նախարար` փոխարինելով Հրայր Թովմասյանին, Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար` փոխարինելով Արամ Հարությունյանին, Երևանի նախկին քաղաքապետ և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար` փոխարինելով կառավարության երկարակյաց Արմեն Մովսիսյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր տասներկուսուկես տարի։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում փոխարինեց աշխարհահռչակ ծանրամարտիկ, Օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն և աշխարհի քառասուներեքակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանին։ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ և Ճարտարապետության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության նախարարի պաշտոնում փոխարինել է Սամվել Թադևոսյանի, իսկ պետեկամուտների նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար` փոխարինելով Դավիթ Սարգսյանին։ Վերջին երկուսը փաստորեն պահպանել են իրենց նախկին լիազորությունները, քանի որ կառավարությանն առընթեր նրանց ղեկավարած կոմիտեները վերակազմավորվեցին և միացան պրոֆիլային նախարարություններին։

Նոր իրողություններ և հին կադրեր

Հայաստան նոր կառավարությունում նոր կադրեր (բացի առողջապահության և սպորտի նախարարներից) գրեթե չկան։ Ավելին, կաբինետի անդամների զգալի մասը բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ։ Մասնավորապես, Դավիթ Հարությունյանը զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, Արամայիս Գրիգորյանը` գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, Կարեն Ճշմարիտյանը գլխավորել է տնտեսական մասի նախարարությունը, Երվանդ Զախարյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, Նարեկ Սարգսյանը, լինելով գլխավոր ճարտարապետ, ստեղծել է մայրաքաղաքի նոր կերպարը։ Փորձագետների շրջանում Քոչարյանի «մարդ» է համարվում նաև փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Այս ամենը աշխուժացրեց մեծ քաղաքականություն երկրորդ նախագահի վերադարձի մասին խոսակցությունները։ Սակայն  իշխող ՀՀԿ–ում «քոչարյանական կադրեր» ձևակերպման հետ համաձայն չեն` հայտարարելով, որ նրանք առաջին հերթին հանրապետական կադրեր են։ «Եվ 1998 թ.–ին, և 2003–ին նախագահ Քոչարյանի հիմնական հենարանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր, և չարժե զարմանալ, որ այն ժամանակ կառավարությունում ՀՀԿ–ի կադրերն էին աշխատում», – կարծում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հովիկ Աբրահամյանի կառավարության ևս մեկ առանձնահատկությունը կառավարության անդամների միակուսակցականությունն է։ 2003 թ.–ից հետո առաջին անգամ Հայաստանում չհաջողվեց ստեղծել կոալիցիոն կառավարություն։ ՀՀԿ–ի պոտենցիալ գործընկերները` ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն, ամենայն հավանականությամբ, չցանկացան խորհրդարանական ընտրություններից երեք տարի առաջ հրաժարվել այլընտրանքային և ընդդիմադիր ուժի դերից և հայտնվել իշխանության հասցեին արվող անխուսափելի քննադատության հարվածի տակ։ Նախկին կոալիցիոն կուսակցությունը` ՕԵԿ–ը, որը գլխավորում է ՀՀ ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ևս չհամաձայնեց մասնակցել նոր կառավարությանը` դառնալով ընդդիմադիր։ Այս ամենի արդյունքում ՀՀԿ–ն ստիպված եղավ ինքնուրույն ձևավորել կառավարությունը, ինչպես ասում են ՀՀԿ–ում` կոալիցիա կազմելով ժողովրդի հետ։ Նման պայմաններում ՀՀ ԱԺ–ում նոր կաբինետի ծրագրի հաստատման հետ որևէ խնդիր չի լինի, քանի որ օրենսդիր մարմնում «հանրապետականներին» է պատկանում 131 պատգամավորական մանդատներից 70–ը։

Այժմ կառավարության անդամների կեսից ավելին անկուսակցական է, սակայն բացառված չէ, որ որոշ ոչ հանրապետականներ հետագայում կհամալրեն իշխող կուսակցության շարքերը։ Նախկինում նման օրինակներ եղել են, մասնավորապես ՀՀԿ–ի համագումարների ժամանակ։

Նոր կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի քննարկմանն արդեն մայիսին։–0–